Իտալիայի, Հունաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի էներգետիկայի նախարարները մտադիր են հավաքվել Բրյուսելում՝ Միջերկրական ծովի հատակով իսրայելական «Լեւիաթան» հանքավայրից կիպրական «Աֆրոդիտա» հանքավայրով դեպի իտալական Բրինդիզի քաղաքի ափ նոր գազատարի շինարարության ծրագիրը հաստատելու համար:
Եթե Իտալիան եւ Հունաստանը միջերկրածովյան գազ ստանա, ապա Սեւ ծովի հատակով փոխադրվող ռուսական գազի նկատմամբ հետաքրքրությունը կնվազի: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն՝ վկայակոչելով կիպրական «Կատիմերինի» պարբերականը:
Նախնական տեխնիկական հետազոտությունների համաձայն՝ գազատարի կառուցումը տեխնիկապես իրագործելի է, տնտեսապես՝ կենսունակ: Գազատարի արժեքը 5.5 մլրդ դոլար կկազմի, հզորությունը՝ տարեկան 8-16 մլրդ խ.մ., իսկ շինարարությունը շուրջ 8 տարի կտեւի:
Նման նախագծերի ակտիվ առաջխաղացումը կասկածի տակ է դնում ռուսական «Թուրքական հոսք» նախագծի զարգացման հեռանկարները: