News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր` փետրվարի 8-ին, մեկնաբանել են Բելառուսի կողմից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը:

Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի` Հայաստանի Ազգային ժողովը պետք է իր դիրքորոշումը հայտնի տեղի ունեցածի վերաբերյալ:

«Երեկ բոլորս տեսանք, թե ինչպես մեր բարեկամ Բելառուսը հայտնի բլոգերին անօրինական արտահանձնեց մեր հակառակորդ Ադրբեջանին: Սա մարդու ազատ խոսքի իրավունքի խախտում է, նրան մեղադրում են Արցախ այցելելու եւ իր մտքերը տեսակետները հնչեցնելու համար: Մենք չպետք է բավարարվենք այստեղ կամ այնտեղ խոսելուց, Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է հայտնի»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Էդուարդ Շարմազանովը` որպես հայ- բելառուսական հանձնաժողովի համանախագահ, Բելառուսի այս քայլը որակեց խայտառակ, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից. «Այս քայլը նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի դեմ է»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց այսօր ժամը 15:00-ին հավաքվել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց` կոշտ դիրքորոշումը հայտնելու համար:

«Սա իր քաղաքական նշանակությամբ հավասար է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մի քանի պատգամավորներ էլ պահանջեցին սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը, հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին:

«Աննախադեպ լկտիություն է եւ ցինիզմ, այստեղ ամենամեծ անելիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն, լավ կլինի, որ սառեցնենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, հետ կանչենք մեր դեսպանին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Հրանտ Բագրատյանը նույնպես հորդորեց կոնկրետ քայլերի դիմել, ոչ թե բոցաշունչ եւ հայրենասիրական ելույթներ ունենալ: Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանի քայլերին, պատգամավորներն առաջարկեցին վեց խմբակցություններով դատապարտող տեքստ պատրաստել կամ ԱԺ նախագահը հանձնարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ի մի բերել բոլոր կարծիքներն ու դատապարտող հայտարարություն տարածել:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, կարծում է` չպետք է հապշտապ որոշումներ կայացնել. «Ավելի լուրջ մտայնություններ են պետք եւ դա էդպես սովորական խնդիր չէ, եւ առաջիկայում որոշակի ուղերձներ կլինեն այդ ուղղությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ