News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեզ համար պատիվ էր մասնակցել Արցախի Սահմանադրության հանրաքվեին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ նշել է Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի անդամ Նելլի Լենս Ռոսսոն:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամներ Ալիսիա Կանկին, Մարիո Միտան, որոնք Հայաստան են եկել Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելուց հետո: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել երկու պետությունների հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում խորհրդարանականների դերը: Այս համատեքստում Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ այդ հարաբերություններն առաջիկայում առավել կխորանան եւ զարգացման նոր փուլ կթեւակոխեն:

Շարմազանովը կարեւորել է բոլիվիացի խորհրդարանականների այցը Արցախի Հանրապետություն եւ դիտորդական առաքելությամբ սահմանադրական հանրաքվեին նրանց մասնակցությունը՝ նշելով, որ դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բոլիվիայի Բազմազգ Պետությունն ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է:

«Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, այնպես էլ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իրավունք ունի»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն իր եւ մեր երկրի անունից շնորհակալություն է հայտնել Բոլիվիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին եւ կարեւորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց սատարելը:

Բոլիվիայի խորհրդարանականները Պատգամավորների պալատի նախագահի եւ բոլիվիացիների անունից ողջունելով հայ խորհրդարանականներին՝ ընդգծել են, որ Բոլիվիան անցել է ինքնորոշման եւ ազատության պայքարի ճանապարհով եւ իրենք լավ են հասկանում Արցախի ժողովրդի արդար պայքարը:

«Մեր սրտերն Արցախի եւ հայ ժողովրդի հետ են: Մեզ համար պատիվ էր մասնակցել Արցախի Սահմանադրության հանրաքվեին, որը տոն էր արցախցիների համար: Ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, ինչը ողջունելի է երկրի զարգացման համար»,- նշել է Նելլի Լենս Ռոսսոն:

Կողմերը կարեւորել են երկու պետությունների միջեւ հարաբերությունների սերտացումը, բարեկամական փոխայցերը, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ