News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

FAO-ն Հայաստանի խաղողագործների համար ֆիլոքսերի դեմ պայքարի օգնության ծրագիր է մշակում: NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում այս մասին հայտնեց FAO-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության հարցերով մասնագետ Ավետիք Ներսիսյանը:

Ծրագիրն արդեն հաստատվել է եւ շուտով ուժի մեջ կմտնի: Արդեն ֆիլոքսերի դեմ կայուն ամերիկյան տեսակների տնկիներ են ձեռք բերում: Հատուկ տնկարաններում դրանք կբազմացվեն, իսկ հետո կպատվաստեն տեղական ավանդական տեսակներին, որոնք կայուն չեն ֆիլոքսերի հանդեպ:

Նշենք, որ Արարատյան դաշտն աշխարհում եզակի տարածաշրջաններից էր, որտեղ ֆիլոքսեր չի նկատվել: Այդ պատճառով «Գինու հումքով ալկոհոլային խմիչքների մասին» օրենքի համաձայն՝ այնտեղ արգելված է ֆիլոքսերակայուն խաղողի տեսակներ տնկելը (դրանք կարող են ֆիլոքսերի գաղութներ պարունակել եւ արագորեն վարակել անկայուն տեսակները): Այս վնասատուի առաջին օջախներն Արարատյան դաշտում նկատել են, երբ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի «Տյերաս դե Արմենիա» ընկերությունն Արմավիրի մարզում ֆիլոքսերակայուն խաղողի տնկիներ է տնկել:

Հայաստանի համար էնդեմիկ խաղողի տեսակները պաշտպանված չեն ֆիլոքսերից: Դրանք պաշտպանելու՝ համեմատաբար անվտանգ տարբերակը տեղական որթերն ամերիկյան տեսակներին պատվաստելն է:

«Մեր նպատակն ապագայի համար հիմք կառուցելն է. կայուն տեսակների եւ պատրաստ տնկիների համար ժամանակակից տնկարաններ ստեղծել, հետո դրանք աճեցնելու եւ խնամելու միջոցները ցույց տալ: Շատ կարեւոր է դրանք պետությանը, ինչպես նաեւ ԳԱԱ-ին փոխանցելը: Քանի որ պետությունը պետք է հետեւի այն տնկիների որակին, որոնք վաճառում է մասնավոր հատվածը, որպեսզի ֆերմերն իմանա, որ իրեն անհրաժեշտ որակով անհրաժեշտ տեսակն է գնում»,- նշեց Ներսիսյանը:

Հայաստանում որակի սերտիֆիկացումն արդեն գործում է սերմերի համար: Վաճառողը պարտավոր է դրանց հետ տվյալներ ներկայացնել, թե ինչ տեսակ է, ինչ մաքրության եւ վերամշակման: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ