News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ կապված Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում  ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվել են նախապես ծրագրված եւ կազմակերպված զանգվածային ջարդեր հայ բնակչության նկատմամբ: Օգտվելով ամենաթողությունից եւ գործի դնելով դաժանության բոլոր հնարավոր գործիքները՝ ջարդարարներն անողոքաբար սպանել ու խոշտանգել են մի քանի տասնյակ հայերի, իսկ քաղաքն իրենց ձեռքով կառուցած ավելի քան 20 000 հայ անձանց ենթարկել բռնությունների ու թալանի:

Սումգայիթում Ադրբեջանի կողմից իրականացված սոսկալի կոտորածը 20-րդ դարի սկզբներին հայությանն իր հայրենքիում ոչնչացնելու թուրքական քաղաքականության շարունակությունն էր` այս անգամ որպես պատասխան ԼՂԻՄ մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշման՝ մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ:

 Օգտվելով ԽՍՀՄ ղեկավարության անտարբերությունից եւ փորձելով խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը՝ Ադրբեջանը շարունակել է իր հայատյաց քաղաքականությունը` ցեղասպանության ալիքը ընդլայնելով նաեւ Ադրբեջանական ԽՍՀ այլ հայաշատ բնակավայրերում, մասնավորապես, 1988թ. նոյեմբերին` Կիրովաբադում եւ 1990թ. հունվարին` Բաքվում:

Քաղաքակիրթ աշխարհն այսօր էլ լռում է` համարժեք գնահատական չտալով այդ վայրագություններին: Ավելին, օգտվելով միջազգային հանրության պասիվ կեցվածքից` Ադրբեջանի բռնատիրական ղեկավարությունը հետեւողականորեն շարունակում է իրականացնել հայատյացության քաղաքականություն, որի ակներեւ հետեւանքն են 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները եւ դրանց ընթացքում իրականացրած միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառված խոշտանգումները:

Կողմերի միջեւ հավասարության նշան դնելու միջազգային հանրության որդեգրած վարքագիծն այս օրերին էլ ադրբեջանական կողմին զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքներ հրահրելու առիթ է տալիս:

Հարգելով Սումգայիթի ջարդերին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը, պահանջատեր լինելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը եւ դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

պնդում է, որ Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը,

վերահաստատում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովի վճռականությունը՝ վարելու հետեւողական քաղաքականություն ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներին եւ իրականացնողներին միջազգային իրավունքի նորմերին համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,

կոչ է անում միջազգային հանրությանը եւ բոլոր երկրների խորհրդարանական կառույցներին դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը՝ դրանց տալով պատշաճ իրավական գնահատական:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ