News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմի Վալիչելիանա գրադարանում, մարտի 9-ին, կայացել է Հայկական մշակույթի օր խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ Վալիչելիանա գրադարանի, «Ալբատրոս» մշակութային ընկերակցության ու «Կոլումբիա» զբոսաշրջային գործակալության հետ համագործակցությամբ: Միջոցառումը կազմված էր երկու բաժնից՝ համաժողով եւ գեղարվեստական մաս:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում է, որ համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Իտալիայի մշակույթի նախարարի տեղակալ Անտիմո Չեզարոն եւ Վալիչելիանա գրադարանի տնօրեն եւ համաժողովի մոդերատոր Պաոլա Պաեզանոն:

Դեսպան Բաղդասարյանը հակիրճ ներկայացրեց հայ ժողովրդի պատմությունը եւ ստեղծած հարուստ մշակութային ժառանգությունը, Հայաստանի անկախության տարիների ձեռքբերումները, Իտալիայում հայերի դարավոր ներկայությունը եւ Իտալիայի տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման գործում նրանց ունեցած ավանդը:

Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ մարտի 17-ին կլրանա Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ միաժամանակ նշելով, որ երկու ժողովուրդների կապերն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 9-ին Հռոմում կանցկացվի Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Իտալիայի մշակույթի փոխնախարարն իր հերթին բարձր գնահատեց երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության մակարդակը: Նա անդրադարձավ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին եւ Հայաստանում Իտալիայի կառավարության աջակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագրին՝ դրանք գնահատելով որպես երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը նպաստող կարեւոր գործոններ: Անտիմո Չեզարոն խոսեց նաեւ հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքների, ազգերի պատմական հիշողության պահպանման հարցում մշակույթի դերի եւ կարեւորության մասին:

Կոնֆերանսի բանախոսներն էին Հռոմի Լա Սապիենցա համալսարանի սոցիոլոգ Մարիա Իմմակոլատա Մաչիոտին, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Սիրինյանը, լրագրող Կլաուդիա Սուգլիանոն, գրող եւ գրականագետ Մագդա Վիջիլանտեն, Սանտա Չեչիլիա ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր Կառլա Կոնտին, «Ալբատրոս» մշակութային ընկերակցութան տնօրեն Ագոստինո Բանյատոն եւ լրագրող Սոնյա Օրֆալյանը:

Բանախոսներն իրենց զեկույցներում խոսեցին հայկական հարուստ մշակույթի տարբեր ուղղությունների՝ գրականության, երաժշտության, ճարտարապետության, ձեռագիր մատյանների, հայոց լեզվի ու այբուբենի, հայկական պատմամշակութային հուշարձանների մասին: Անդրադարձան հայկական խոհանոցի առանձնահատկություններին, 20-րդ դարասկզբին Իտալիայում ապաստանած հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանի գործունեությանը, հայկական ժամանակակից մշակույթին:

Համաժողովին ընթերցվեց Մատենադարանի գիտաշխատող Արա Խզմալյանի զեկույցը՝ Մատենադարանի ստեղծման ու գործունեության, այնտեղ պահվող ձեռագրերի մասին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Ալբատրոս» մշակութային ընկերակցութան տնօրեն Ագոստինո Բանյատոյի նկարահանած «Հայաստանը մեր մեջ» փաստագրական ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերն ու բնապատկերները:

Ցուցահանդեսից հետո հայ եւ իտալացի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական եւ ժողովրդական ստեղծագործություններ, ընթերցվեցին Հրանտ Նազարյանի բանաստեղծությունները:

Հայկական մշակույթին նվիրված օրը եզրափակվեց հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ