News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լատվիա կատարած այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մարտի 22-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի խորհրդարանի անդամներին ու ներկայացրել միջազգային հարթակներում Բաքվի ապակառուցողական գործելաոճը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես ՀՀ դեսպանը հանիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում Լատվիայի Սաեյմայի ներկայացուցիչ Բորիս Չիլեվիչի, հայ-լատվիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սերգեյ Պոտապկինի եւ փոխնախագահ Գունար Կուտրիսի, ինչպես նաեւ Սաեյմայի ներկայացուցիչ Նելլի Կլեյնբերգայի հետ:

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձեւաչափով համագործակցության խորացման հեռանկարները:

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում, այդ թվում` ԵԽԽՎ ձեւաչափում, ցուցաբերած ապակառուցողական գործելաոճի էությունը եւ հայկական կողմի քայլերը դրանց կանխելու ուղղությամբ:

Հանդիպումների ընթացքում քննարկեցին առաջիկայում ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:

Օրվա ավարտին Լատվիայի հայ գործարար Մխիթար Մխիթարյանի ուղեկցությամբ դեսպան Մկրտչյանը ներկա գտնվեց Ռիգայի բիզնես ակումբի նիստին:

Մարտի 23-ին դեսպան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի համալսարանի ակադեմիական գրադարանի տնօրեն Վենտա Կոցերեին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Ազգային, ինչպես նաեւ ՀՀ Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանների հետ լատվիական գրադարանի համագործակցությանն առնչվող, ինչպես նաեւ դեսպանության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Վենտա Կոցերեն ներկայացրեց հայոց պատմությանը, գրականությանն առնչվող Համալսարանի ակադեմիական գրադարանի ունեցած գրքեր, իսկ դեսպան Մկրտչյանն, իր հերթին, գրադարանին նվիրեց հայոց պատմությանն առնչվող գրականություն:

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Լատվիայում Հոլոքոստի թանգարանի տնօրեն, րաբբի Մենաչեմ Բարկահանի եւ Լատվիայում հրեական համայնքների խորհրդի նախագահ Արկադի Սուխարենկոյի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Մենաչեմ Բարկահանին Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շարունակականությունը Հոլոքոստի թանգարանում ապահովելու համար: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ եւ հրեա համայնքների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լատվիա կատարած այցի ավարտին դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի նախկին նախագահ Անդրիս Բերզինչի հետ: Հանդիպման սկզբուն Անդրիս Բերզինչը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահ Բերզինչը նշեց, որ Հայաստանի հետ մշակութային եւ տնտեսական հարաբերությունները խորացնելու համար Լատվիայում առկա է մեծ ներուժ: Նախագահը նշեց, որ նա շարունակելու է իր բարեկամությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Անդրիս Բերզինչի ջերմ խոսքերի համար եւ ներկայացրեց դեսպանության նախաձեռնած առաջիկա միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ