Ջավախքը սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է, այստեղ գործում են 6 կայաններ, որոնք փոխանցում են սեյսմիկ տվյալները Վրաստանի Երկրի ինստիտուտ, սակայն Ինստիտուտը մտադիր է բացել Ախալքալաքում սեյսմոլոգիական կենտրոն, հաղորդում է Jnews.ge-ն:
Վրաստանի Երկրի ինստիտուտի տնօրեն Թեա Գոգոլաձեն ասում է, որ ինստիտուտի առաջնահերթություններից է Սամցխե-Ջավախք տարածաշրջանային կենտրոնի բացումը:
«Եթե տարածվենք, Ախալքալաքում կբացենք տարածաշրջանային կենտրոն: Մենք կընդունենք աշխատակիցներին, ովքեր այնտեղ, տեղում կվերամշակեն սարքերի բոլոր տվյալները: Ամեն ինչ կախված է բյուջեից: Եթե գումար լինի, ես հենց վաղը կբացեմ: Ես նամակ եմ գրել կրթության եւ գիտության նախարարություն եւ սպասում ենք պատասխանին: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր տարածաշրջանում լինեն այդպիսի կենտրոններ», – ասում է Թեա Գոգոլաձեն:
Ինստիտուտը աշխատանքի համար կվերապատրաստի տեղի կադրերին: Ըստ տնօրենի, կենտրոնը կօգնի բնակիչներին լինել ավելի տեղեկացված, ինչպես նաեւ կենտրոնը կտեղեկացնի քաղաքացիներին այն մասին, թե ինչպես պետք է վարվեն երկրաշարժի ժամանակ:
Վրաստանում գործում են 28 սեյսմոլոգիական կայաններ, նրանցից 8-ը գտնվում են Սամցխե-Ջավախքում, մեկը Աբասթումանիում, մեկը Բակուրիանիում: Սեյսմոլոգիական կայանները Ախալքալաքի շրջանում տեղադրվել են Ախալքալաքում, Բուրնաշեթ եւ Ազմանա գյուղերում: Նինոծմինդայի շրջանում` Նինոծմինդայում, Փարվանա եւ Փոկա գյուղերում: Այդ կենտրոններում չկան աշխատակիցներ, կան պարզապես պահակներ, ովքեր հսկում են սարքավորումները: Այդ կայաններում տեղադրված են սարքավորումներ, որոնք գործում են օնլայն, օրվա 24 ժամվա ընթացքում: Սեյսմոգրաֆները արձանագրում են ցնցումները եւ անմիջապես փոխանցում տվյալները օնլայն ռեժիմով Թբիլիսի:
Ըստ այդ սարքերի տվյալների, ամեն օր նրանք գրանցում են 2-3 ցնցում, բայց այդ ցնցումները չեն հասնում նույնիսկ մեկ միավորի, եւ բնակչությունը դրանք չի զգում: Սամցխե-Ջավախքում վերջին տարիների ընթացքում ամենամեծ հրումը՝ 4,8 միավոր կայանի սարքավորումները գրանցել են անցյալ տարվա հուլիսին:
Ըստ Թեա Գոգոլաձեի Ջավախքում ընթանում է ակտիվ գործընթաց:
«Տարածաշրջանը ամենից ակտիվն է հանդիսանում Կովկասում եւ Վրաստանում: Այնտեղ ընթանում են պրոցեսներ եւ ազատ է արձակվում էներգիան երկրաշարժի միջոցով: Ջավախքի բարձրավանդակում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր: Կոնկրետ, ես չեմ կարող որոշել, թե որ տարածքն է վտանգավոր, քանի որ ամբողջ տարածքը այնտեղ ակտիվ է: Այս տարածքում կա մեծ վտանգ եւ երկրաշարժի ծագման բարձր հավանականությունը», – ասում է Թեա Գոգոլաձեն:
Ըստ Երկրի ինստիտուտի տնօրենի, այդ պրոցեսները չեն շատանում եւ չեն նվազում, նրանք պարզապես ամեն օր տեղի են ունենում Ջավախքի բարձրավանդակում: Այս ամենը կարելի է տեսնել քարտեզի վրա, որը նրանք կազմում են տարբեր կայաններից ստացված տվյալներով: Բայց կանխատեսել երկրաշարժերը ոչ ոք եւ ոչ մի սարքավորում չի կարող: