News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտքագրված եկամուտները ծրագրածից 8,4 տոկոսով պակաս են եղել, սակայն դրա հետ մեկտեղ ծախսերը կրճատել են միայն 0,7 տոկոսով: Այս մասին նշված է 2016-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ, որը հավանության արժանացավ կառավարության ապրիլի 27-ի նիստում:

Բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 171 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 449 մլրդ, պակասուրդը՝ 278 մլրդ կամ ՀՆԱ-ի մոտ 5,5 տոկոսը (նախկինում ենթադրվում էր 5,9 տոկոս):

Ելնելով 2,2 տոկոսով տնտեսական աճի կանխատեսումից՝ նախատեսվում էր մոտ 1 տրլն 186 մլրդ դրամ ստանալ, որից 1 տրլն 155 մլրդ-ը՝ ներքին աղբյուրներից, 31 մլրդ-ն՝ արտաքին դրամաշնորհներից: Հաշվի առնելով պետական կազմակերպությունների արտաբյուջետային հաշիվները՝ ծրագրային համաձայնեցված եկամուտը պետք է կազմեր 1 տրլն 278 մլրդ դրամ:

Փաստացի եկամուտը կազմել է 1 տրլն 171 մլրդ (ընթացիկ փոխարժեքով մոտ 2,4 մլրդ դոլար) կամ ծրագրի 91,6 տոկոսը: Հարկային եկամուտները կատարվել են 92 տոկոսով (այսինքն՝ չի հավաքվել 8 տոկոսը): ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բյուջեի եկամուտը կազմել է 23,1 տոկոս, որը 0,1 տոկսային կետով 2015 թվականից քիչ է:

Ծրագրվել էր 1 տրլն 377 մլրդ դրամի ծախս, իսկ համաձայնեցված ծախսերը (հաշվի առնելով արտաբյուջետայինները)՝ 1 տրլն 459 մլրդ։ Այսպիսով, ծախսերը չեն կատարվել միայն 0,7 տոկոսով, այսինքն՝ նվազած եկամուտների դեպքում կառավարությունն աշխատել է չկրճատել ծախսերը։ 

Հարկերը չեն հավաքվել նախատեսվածից ցածր ՀՆԱ-ի պատճառով։ 2016-ին այն ծրագրվել էր 5 տրլն 443 մլրդ դրամ, սակայն փաստացի կազմեց 5 տրլն 068 մլրդ դրամ։ Արդյունքում տնտեսական աճը նախատեսված 2,2 տոկոսի փոխարեն կազմեց ընդամենը 0,2 տոկոս։ Սակայն դրա պատճառը ոչ միայն իրական արտադրության դանդաղեցումն էր, այլեւ ավելի ցածր նոմինալ ցուցանիշները՝ ցածր ինֆլայցիայի պատճառով։ ՀՆԱ դեֆլյատորը 104 տոկոսի փոխարեն կազմեց 100,5 տոկոս։

ՀՆԱ-ն իր հերթին նվազեց 2016-ի երկրորդ կեսին տնտեսական աճի դանդաղեցման հետեւանքով (պողպատի հարաբերական ցածր գների եւ Ռուսաստանից փոխադրումների փոքր ծավալի պատճառով)։ Հարկերը նվազել են նաեւ մի շարք դեպքերում հարկային ռեժիմի մեղմացման հետեւանքով (հատկապես ԱԱՀ մասով)։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ