News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը մայիսի 7-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է En Marche! շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին:

Խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը նամակ են գրել Մակրոնին, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Ցանկանում ենք ողջունել Փարիզում ապրիլի 24-ին Ձեր կատարած այցը Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան եւ շնորհակալություն հայտնել, որ հարգանքի տուրք մատուցեցիք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին: Ձեր քայլը լիովին տեղավորվում է Ձեր ներգրավվածության գծի մեջ, մասնավորապես ապրիլի 24-ը Հանրապետության օրացույցում ներառելու նախաձեռնության մեջ: Այն վկայում է զոհերի համար արդարության պահանջին Ձեր նվիրվածության մասին:

Արժանապատվության ու մարդու իրավունքների այս հարցը, որի շուրջ մեծ պայքար է ընթանում, պաշտպանության կարիք ունի, մասնավորապես, համարձակ, առաջընթացին ու արժեքներին նվիրված պետական գործիչների պաշտպանության կարիքը:

Այս հարցում Ձեր ներգրավվածությունը, ապրիլի 24-ին Ձեր կատարած քայլը, Ձեզ հետ ունեցած մեր հանդիպումը, հայկական հարցի հետ կապված Ձեր արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաեւ Ֆրանսիայի դիրքերի վերականգնմանն ուղղված Ձեզ առաջնորդող ընդհանուր քաղաքական սկզբունքները մեզ համոզում են, որ Դուք այդպիսի գործիչ եք: Հենց այդ պատճառով էլ այս նամակով ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել Ձեզ առաջիկա նախագահական ընտրություններում»:

Ավելի վաղ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը NEWS.am-ը հայտնել էր, որ ֆրանսահայերը որոշել են պաշտպանել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ անցած «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնին:  Նրա խոսքով, նման որոշում է կայացվել, որովհետեւ արդեն հասկանալի է, որ ընտրությունների առաջին փուլը հաղթահարած երկու թեկնածուներից ավելի հայամետ քաղաքականություն կարող է վարել Էմանուել Մակրոնը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ:  Ընտրությունների առաջին փուլը հաղթահարել է «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնին եւ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ