News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 28-ին Վիեննայի Porgy&Bess հայտնի ջազ ակումբում Ավստրիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր «Հայկական ոգի» խորագրով ջազ երեկո, որին հայկական դասական, ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության ինքնատիպ կատարումները ներկայացրեց Կարեն Ասատրյանի ջազ համույթը:

Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով կազմակերպած երեկոյին ներկա էին Ավստրիայի կառավարական գործակալությունների, դաշնային եւ քաղաքային իշխանությունների, Ավստրիայի կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային ու հասարակական գործիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ:

Երեկոն ողջույնի խոսքով բացեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ դիվանագիտական հարաբերությունները հաստատելուց ի վեր երկու երկրների միջեւ ստեղծված բարեկամական հարաբերություններին եւ համագործակցության բազմամյա պատմութայանը, որին համահունչ է այս տարվա ընթացքում երկու երկրներում տեղի ունեցող բազմատեսակ միջոցառումների անցակցումը: Շնորհակալություն հայտնելով հայ եւ օտարերկրյա երաժիշտներին ու հանդիսատեսին միջոցառմանը մասնակցելու համար՝ դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց «Հայկական ոգի» նախագիծը, համույթի գեղարվեստական ղեկավար, ճանաչված ջազմեն եւ կոմպոզիտոր Կարեն Ասատրյանին, մյուս երաժիշտներին, ընգծելով, որ նրանք Հայաստանի եւ հայ ժողովրդի լավագույն պատվիրակներն են տարբեր երկրներում եւ յուրահատուկ մշակութային կամուրջ են հանդսիանում տարբեր հասարակությունների միջեւ:

Ավստրիահայ Կարեն Ասատրյանի, իրաքահայ երգչուհի Ռիտա Մովսիսյանի, ուրուգվայահայ բուզուկահար Խուան-Կառլոս Սունգուրլյանի եւ միջազգային այդ համույթի մյուս անդամների ներկայացմամբ հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, ժամանակակից հայ կոմպոզիտորների մեղեդիների ջազային մշակումները՝ համեմված Ասատրյանի վիրտուոզ դաշնամուրային կատարմամբ եւ Ռիտա Մովսիսյանի անզուգական ձայնով:

Համերգից առաջ ակումբի նախասրահում բացվել էր հայ արվեստագետ Հրաչյա Վարդանյանի արվեստի գործերի՝ վիշապագորգերի ցուցահանդեսը, որին մասնակցեցին ավստրիացի արվեստագետներ, քննադատներ եւ լրագրողներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հունիս ամիսը, որից հետո տեղափոխվելու է ավստրիական մեկ այլ՝ Շայբս քաղաք, որտեղ Հրաչյա Վարդանյանը գտնվում է Ավստրիայի մշակույթի նախարարության Artists in Residence ծրագրի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ