Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը համարում է, որ ինքն ընտրված պատգամավոր է եւ չի կարող նշանակվել մարզպետ:
NEWS.am-ի հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ՀՀԿ-ն որոշել է իրեն տեղափոխել գործադիր՝ նշանակելով Արմավիրի մարզպետի պաշտոնում, Գեւորգյանը պատասխանել է. «Ես նման բան չեմ լսել, ես ընտրված պատգամավոր եմ, ո՞նց կարող եմ մարզպետ նշանակվել»:
Նշենք, որ տեւական ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Նահապետ Գեւորգյանը նշանակվելու է մարզպետ, իսկ նրա փոխարեն խորհրդարան կգա ՀՀԿ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը: Այսօր էլ այդ մասին տեղեկություն էր տարածել «Չորրորդ իշխանություն» թերթը։
Հիեցնենք, որ Արմավիրի մարզում ամենաշատ քվեն ստացել էր Նահապետ Գեւորգյանը: Նրա օգտին արձանագրվել էր 22,064 քվե: Երկրորդ տեղում էր Սեդրակ Սարոյանը՝ 21,937 քվե եւ երրորդ տեղում Ալեքսան Պետրոսյանը՝ 9,474 քվե: