Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը մոտ ապագայում դատարան կփոխանցվի։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Լապշինի կինը։
«Եթե անցյալ շաբաթ Սաշայի գործով կատարյալ լռություն էր տիրում, ապա առաջիկայում մեզ կրկին իրադարձություններ են սպասվում։ Գործի հետ ծանոթությունն ավարտված է, մի քանի օր անց այն դատարան կփոխանցվի։ Դե իսկ հետո, բնականաբար, հենց դա...Հազիվ թե, դատական գործընթացը փակ լինի՝ ինչպես Բելառուսի Հանրապետությունում։ Ես կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ հակառակն է՝ մամուլի նշամնառության ներքո։ Մի խոսքով, հոդվածները նույնն են՝ 281.2 եւ 318.2, ոչ մի նոր բան չի եղել։
Սաշայի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր լավ գրքեր են խորհուրդ տվել, որոնք փոխանցել եմ նրան, համենայն դեպս, կարճ ժամանակով կցրվի», - գրել է նա։
Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» Արցախի Հանրապետություն այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան Նրա անվան գրության մեջ առկա տառի տարբերությունը սահմանապահները չէին նկատել։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: