News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հունիսի 23-ին, բացվել է «Հայ եւ շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսը: Վերջինիս նպատակն է պատկերել հոր՝ ոչ միայն ապրուստ ապահովողի ավանդական կերպարը, այլ նաեւ ներկայացնել երեխաների հանդեպ ունեցած իրենց խնամքն ու հոգատարությունը եւ հայրության այլ դրսեւորումներ:

Ցուցահանդեսում ներկայացված է երկու տարբեր ցուցադրություն՝ «Հայ հայրիկներ» եւ «Շվեդ հայրիկներ» խորագրով։ «Հայ հայրիկներ» նախագիծը նախաձեռնել է ֆիլմերի պրոդյուսեր, Deem Communications PR եւ մարքեթինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, չորս երեխայի հայր Րաֆֆի Նիզիբլյանը: Նախագծի ոգեշնչման աղբյուր է ծառայել շվեդ լուսանկարիչ Յուհան Բեւմանի՝ «Շվեդ հայրիկներ» խորագրով ստեղծագործությունը: «Շվեդ հայրիկներ» լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնում է քսանհինգ շվեդ հայրիկների, ովքեր իրենց երեխաներին խնամելու համար արձակուրդ էին վերցրել: «Շվեդ հայրիկներ» նախագիծը նախաձեռնել է Շվեդական ինստիտուտը, որը գենդերային հավասարություն խթանող՝ հատկապես հայրության առնչվող թեմաներով առաջատար հաստատություններից է: Ցուցահանդեսը ներկայացվել է տարբեր երկրներում:

«Երեխաների մասին հոգ տանելը հավասարապես նաեւ հոր պատասխանատվությունն է: Այս լուսանկարներում պատկերված հայրերը ցույց են տալիս, թե ինչպես են ժամանակ անցկացնում իրենց երեխաների հետ, կերակրում ու կրթում նրանց, նեցուկ հանդիսանում, որպեսզի երեխաները մեծանան ու դառնան հավասարակշռված անձինք եւ ներդրում ունենան իրենց համայնքներում»,- նշում է պրն Նիզիբլյանը։

Հայ հայրերի՝ իրենց երեխաների հետ անցկացրած պահերը պատկերել է երկու երեխայի հայր, լուսանկարիչ Արեգ Բալայանը: Արեգ Բալայանն ու Րաֆֆի Նիզիբլյանը նախագծի համար ընտրել են Երեւանում բնակվող հայ հայրերի:

Թեեւ ընտրված նկարները, միգուցե, չեն ներկայացնում հայ հոր կերպարն ամբողջությամբ, դրանք պատկերում են տղամարդկանց տեսակը, ովքեր ամբողջապես վայելում են հայրության բերկրանքն ու առօրյան: Նախորդ շաբաթ լուսանկարները ցուցադրված էին Հայաստանի ազգային պատկերասրահում, սակայն թեման հասարակության ավելի լայն զանգվածների ներկայացնելու համար կազմակերպիչները որպես ցուցահանդեսի անցկացման վայր ընտրեցին Երեւանի մետրոպոլիտենը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ս․թ․ հուլիսի 8-ը Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում։ Միջոցառման աջակիցն է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ