News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության հրավերով հուլիսի 25-ին Վայոց ձորի մարզում էին:

ՊՕԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մեր պատմամշակութային հարուստ ժառանգությունը տպավորել էր հյուրերին: Նորավանքի վանական համալրիրի տարածքում ու Մոմիկի թանգարանում նրանց համար էքսկուրսիա է անցկացվել: Երիտասարդներին ներկայացվել է Մոմիկ ճարտարապետի, գործունեությունը, թողած ժառանգությունը:

«Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով Կորեայից, Հոնկոնգից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից ու այլ երկրներից առաջին անգամ Հայաստանում հյուրընկալված երիտասարդները էքսկուրսիայի ավարտին իրենց տպավորություններով կիսվել են թանգարանի գրառումների մատյանում:

«Երբեք չէի կարող պատկերացնել, որ յուրաքանչյուր քարն իր առանձին բացատրությունը կունենա, ճարտարապետական կառույցները տպավորիչ էին եւ այս հիասքանչ վայրն իրոք արժեր տեսնել», -գրառել էր խմբի ամենակրտսերը` 18-ամյա Պուի Յի Ցսանը:

Ֆրանսիացի Սիմոն Գոտյեն գրառումների մատյանում ոչինչ չէր գրել, թեեւ շատ տպավորված էր: Մինչ այստեղ գալը նա Հայաստանի մասին պատմող գիրք էր գնել ու մանրակրկիտ ուսումնասիրել: Սիմոնը խմբի ամենահետաքրքրասերն էր, անցնող օրերին նա գրքի էջերից առանձնացրել էր իրեն հետաքրքրող տեսարժան վայրերը, որտեղ հասցրել էր լինել` Սեւանավանք, Հայաստանի Ազգային պատկերասրահ, Գառնի, Հայաստանի Պատմության թանգարան: Ֆրանսիացի կամավորը մտադիր է մեր երկիր գալ նաեւ տարվա այլ եղանակի, երազում է լինել Ամբերդում ու Աղձքում: Ձմռանը նախատեսում է Հայաստան այցելել նաեւ իսպանացի Ալբա Սոնեյրան:

«Ուզում եմ ձյան շերտով պատված Արարատը տեսնել ու հիանալ այդ գեղեցկությամբ: Նորավանքի ժայռերն էլ այնքան մեծ էին, որ դրանցով շրջապատված ինձ շատ փոքր էի զգում», - անկեղծացել է նա, հավելելով, հայկական ու իսպանական մշակույթների մեջ ներդաշնակ նմանություն կա:

Լատիվիացի Ագնեսա Թիմբարեան էլ փորձում էր հայերենի իմացությամբ զարմացնել:

«Բարեւ, ոնց ես, ես հայերեն եմ սովորում, շատ սիրեցի Հայաստանը», -լատվիական շեշտադրումով հայերեն խոսող կամավորը դժվարանում էր հնչյունները ճիշտ արտաբերել: Նա Հայաստանից կմեկնի փետրվարին, իր իսկ խոսքով` ավելի վարժ հայերենի իմացությամբ:

Օտարերկրացի կամավորներին տպավորել էր նաեւ հայկական հյուրընկալությունը, մարդկանց ջերմությունը: Երիտասարդները Հայաստանից կմեկնեն հուլիսի 27-ին: Մեկնումից առաջ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կամավորներին հյուրընկալվել են ՀՈՒՋ ղեկավար Ստեփան Ստեփանյանը եւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Ս. Ստեփանյանը բարձր է գնահատել կամավորների իրականացրած աշխատանքը, ուրախալի համարել փաստը, որ տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հասցրել են նաեւ մտերմանալ:

«Ձեր կամավորական աշխատանքներում մեզանից յուրաքանչյուրը վերհիշել է իր երիտասարդ տարիները: Մենք պատրաստ ենք ձեզ հյուրընկալել նաեւ գալիք տարի», - իր խոսքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Կամավորներին ներկայացվել է նրանց աշխատանքների ու ժամանացի մասին լուսապատկերային ցուցադրություն, ապա ՀՈՒՋ ղեկավար Ս. Ստեփանյանը եւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը նրանց պատվոգրեր են հանձնել:

Տպել
Ամենաշատ