News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում կբացվի արջերի փրկարար կենտրոն։ Կենտրոնը կբացվի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի բազայի վրա։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը NEWS.am–ի թղթակցին հայտնել է, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համագործակցում է Հայաստանի բնապահպանության նախարարության հետ, որը մշակում է օրինագիծ՝ ոչ մասնագետների կողմից մասնավոր կենդանաբանական այգիներում, ռեստորաններում, գազալցակայաններում արջեր պահելն արգելելու մասին։ «Այդ բոլոր արջերին կտեղափոխեն կենտրոն ու հետո կորոշվեն հետագա գործողությունները։ Եթե հնարավորություն լինի՝ կենդանուն ազատ կարձակեն։ Բայց եթե կենդանին տարիքի  կամ մարդու հանդեպ ընտելացման պատճառով չի կարողանա ինքնուրույն իր համար սնունդ հայթայթել, նրան չի կարելի ազատ արձակել։ Ազատ արձակել, թե ոչ՝ կորոշվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին»,- նկատեց Մանուկ Մանուկյանը;

«Վայրի կենդանիներին մասնավոր կենդանաբանական այգիներում պահելը, որպես կանոն, բազմաթիվ խախտումների հետ է կապված։ Մարդիկ իրենց պատկերացումներով են կառուցում արգելապատնեշները ու փորձում են այնտեղ կենդանի պահել։ Ռեստորաններում ու գազալցակայաններում պահում են կենդանիներ, մեծամասամբ արջեր։ Պահում են վատ պայմաններում,  ու կենդանիները շատ վատ վիճակում են։ Դա անթույլատրելի է։ Մենք հաշվարկել ենք նման վայրերը ու հայտնաբերել ենք մոտ 60-70 այդպիսի վայր։ Ուզում եմ հիշեցնել, որ արջերը Կարմիր գրքում են ընդգրկված, ու նրանք, ովքեր հանուն զվարճանքի արջերին տեղավորում են փոքր վանդակի մեջ ու կիսաքաղցած պահում, պարզապես չեն հասկանում, թե ինչ արժեքավոր են արջերը Հայաստանի ֆաունայի համար ։ Խնդիրն այն է, որ մարդիկ, իմանալով, որ իրենց արջերին մտադիր են վերցնել, փորձում են թաքցնել կենդանուն։ Կարող են նույնիսկ սպանել ու ուտել։ Դրա համար էլ եթե որեւէ մեկի ինչ –որ բան է հայտնի դառնում՝ ավելի լավ է մեզ հայտնել, այլ ոչ թե լրատվամիջոցներում գրել»,- նշեց Մանուկյանը։

Վայրի բնության կովկասյան ապաստարանի համակարգողը հիշեցրեց, որ հիմնականում էգ արջն իր քոթոթին չի լքում։ «Նրանք շատ ուշադիր ծնողներ են։ Դրա համար էլ անտառում հայտնաբերված արջի քոթոթների մասին պնդումների հիմնական մասն ուժեղ կասկածներ է առաջացնում։ Մեծամասամբ խոսքը որսագողության մասին է։ Մորը սպանում են, իսկ քոթոթներին վերցնում են ու վանդակներում տեղավորում գազալցակայաններում։ Փոքր համակրելի կենդանուն վերցնում են, իսկ մի քանի տարի հետո նա մեծանում է ու սեփականատերը բազմաթիվ խնդիրների է բախվում»,- արձանագեց Մանուկ Մանուկյանը, հիշեցնելով Վանաձորում արջի քոթոթներ բռնելու վերջին դեպքը։ «Պետական տեսչությունը ահազանգ էր ստացել այն մասին, որ անտառում առանց մոր ուղեկցության արջի քոթոթներ են տեսել։ Մի քանի ժամ նրանց հետեւել են, ու երբ պարզվել է, որ դրանք իրոք մնացել են առանց մոր խնամքի, քոթոթներին վերցրել են։ Հիմա նրանք մեզ մոտ են։ Նրանց մենք չենք կարող ցույց տալ մարդկանց, քանի որ մտադիր ենք վայրի բնություն վերադարձնել։ Նրանք ինքնուրույն կյանք կկարողանան վարել մեկուկես տարեկանից հետո։ Մինչ այդ ձագերը մոր հետ են ապրում։ Մենք ստիպված ենք լինելու մոր դեր կատարել քոթոթներին սովորեցնելու հարցում։ Այդ նպատակով մեծ վանդակ ենք կառուցում, որտեղ նրանց կպատրաստենք վայրի կյանքին»։ Նշենք, որ Հայաստանում ընդամենը մի քանի հարյուր արջ կա ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ