News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակն իջել է, որի հետեւանքով բազմաթիվ ձկներ են սատկել: NEWS.am-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ Ախուրյանի ջրամբարում ձկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբեւէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել, եւ, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չի կրում ստեղծված արհեստական ջրային համակարգերում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: Ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Արմավիրի եւ Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք, որոնց ջրապահանջը կազմում է 327,5 մլն խ/մ: Այս տարի ջրամբարում ջրի առավելագույն ծավալը կազմել է 444.28 մլն խ/մ՝ անցյալ տարվա 545,75 մլն խ/մ դիմաց: Այսօրվա դրությամբ, ջրամբարից թողնվել է 305.21 մլն խ/մ ջուր՝ ներառյալ գետի ջրատվությունը:

ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունն ահազանգը ստացել է եւ այժմ ուսումնասիրություն է կատարվում, թե ինչի արդյունքում է ջրի մակարդակն իջել եւ ինչի արդյունքում են սատկել ձկները:

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով էլ նման իրավիճակ է ստեղծվել պատկան մարմինների անտարբերության պատճառով. «Դա խոսում է այն մասին, որ պատկան մարմինները շատ վատ են աշխատում՝ սկսած կառավարությունից մինչեւ բնապահպանական կառույցներ: Մարդիկ ահազանգում են, բայց ոչ մի ինֆորմացիա չեն տալիս պատկան մարմինները՝ ինչու են ձկները սատկում, ջրի մակարդակն ինչու է իջել: Սա հստակ ասում է, որ մեր երկրում տեր, կառավարում չկա, չգիտեմ, թե պարոն վարչապետն ինչ է մտածում, սա բնապահպանների կարծիքն է»:

Տպել
Ամենաշատ