News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երբ 4 տարի առաջ ընտրեցինք ԵՏՄ–ն, կարելի է մատների վրա հաշվել դրան դեմ արտահայտվող մարդկանց, իսկ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ քաղաքակրթական ընտրություն ենք մենք կատարել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին՝ խորհրդային տարիների բռնաճնշումների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսի փակմանը նվիրված ասուլիսի ժամանակ, ասել է  Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Ռեժիսորը կարծում է, որ ցուցահանդեսի փակումը դրական եւ սթափեցնող երեւույթ էր։  «Չկա չարիք, առանց բարիք։ Երբ 4 տարի առաջ ընտրեցինք ԵՏՄ–ն կարելի է մատների վրա հաշվել դրան դեմ արտահայտվող մարդկանց։ Նրանց մի մասը զուտ տնտեսական  տեսակետից էր բացատրում այդ դիրքորոշումը։ Անձամբ ինձ համար դա արժեքային համակարգի սխալ ընտրություն էր, որը պետք է բերեր որոշակի հետեւանքների։ Կարելի է ինչքան ուզես ասել սխալ է, բայց պետք է ապացուցվի, որ դա սխալ ընտրություն է։ Իսկ այն ինչ կատարվում է վերջին 4 տարիներին դրա ապացույցն է։ 4 տարի առաջ հասարակությունը շատ անտարբեր վերաբերվեց այդ որոշմանը»,– ասաց Ռուբեն Բաբայանը։

Նա նշեց, որ կարելի է մարդկանց մեղադրել, բայց կարելի է նաեւ լուսավորչական աշխատանք անցկացնել մարդկանց շրջանում։ «Եվ ահա բացվել էր ցուցահանդես, որը փակվեց։ Արդյոք դա այդքան ուշադրություն գրավեց ու խորը վերլուծությունների տեղիք տվեց։ Այս փակումը շատ դրական դեր կատարեց։ Երբ դու տեսնում ես, թե իրականում մենք ինչ քաղաքակրթական ընտրություն ենք կատարել, դա սթափեցնող է։ Ես կարող եմ շնորհավորել որ փակվեց, եւ մեր հասարակության արձագանքը եղավ այդպիսին»,– ասաց Ռուբեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը, սակայն, մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է, իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար:

Այս առնչությամբ, Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հայտնել է, որ ցուցադրությունը փակվել է, որովհետեւ այն «մի փոքր քաղաքականացված էր»: Իսկ անձամբ նախարար Արմեն Ամիրյանը մի փոքր այլ պատճառ է նլե. «Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ, իսկ Թումանյանի թանգարանի կազմակերպած ցուցադրանքի բացօթյա ձեւաչափը համաձայնեցված չի եղել»:

Տպել
Ամենաշատ