News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Անձնական մեքենաների քանակով, որոնք միջինը բաժին են ընկնում հազար մարդուն, Գերմանիան աշխարհի առաջին քսանյակում է։ Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի զարգացմանը՝ ապա այս ոլորտում Գերմանիան առաջատար է Եվրոպայում։

Այսպիսով, կարծես առկա են բոլոր պայմանները, որպեսզի հեծանիվը զուտ մանկական զվարճանք մնա։ Ինչպես մոտավորապես մեր երկրում, որտեղ մեծահասակ հեծանվորդը մի տեսակ չի համապատասխանում փողոցի համայնապատկերին։ Սակայն Գերմանիայում իրավիճակը ճիշտ հակառակն է։ Ներկայացնենք թեկուզ միայն մեկ փաստ՝ երկրի 80 լն բնակիչներին բաժին է հասնում 72 մլն հեծանիվ։ Սրանք երկամյա վաղեմության տվյալներ են ու բացառված չէ, որ հեծանիվների քանակն ավելացել է։

Նկատենք, որ Բեռլինում հեծանվորդների համար ստեղծված են բոլոր պայմանները։ Հեծանիվների ուղիների երկարությունը հասնում է մի քանի հարյուր կիլոմետրի։ Ու դրանք ոչ թե նեղլիկ ուղիներ են, ինչպիսիք մի անգամ հասարակայնությանը ցուցադրեց Երեւանի քաղաքապետարանը, այլ միանգամայն հուսալի ճանապարհներ, որոնցով կարելի է սլանալ բարձր արագությամբ։

Ի դեպ, այս հանգամանքը հեծանվորդների համար հատուկ պատասխանատվություն է ստեղծում ՝ ճանապարհային երթեւեկության կանոնների իմացության տեսակետից։ Դե իսկ հետիոտնից պահանջվում է զգուշավորություն։ Հեծանիվների ուղու վրա կանգնած քաղաքացու վրաերթի ենթարկվելը սպառնում է ծանր վնասվածքներով թե քաղաքացուն, թե հեծանվորդին։

Պաշտոնապես հեծանիվն ընդգրկված չէ Բեռլինի հասարակական տրանսպորտի համակարգում։ Բայց որպես զանգվածային փոխադրամիջոց  դրա դերակատարումը հսկայական է։ Մեքենայատերը, ըստ էության, կարող է հասնել աշխատավայր կամ ուսման վայր իր անձնական մեքենայով։ Սակայն ոմանք նախընտրում են նման տարբերակ՝ հեծանվով հասնում են հասարակական տրանսպորտի մոտակա կանգառին, այնտեղ կայանում հեծանիվն ու շարունակում ճանապարհն ավտոբուսով կամ քաղաքային էլեկտրական գնացքով։ Հավելենք, որ շատ ավագ դասարանցիներ տնից դպրոց են հասնում հեծանվով։ Այնպես որ պարապմունքների ժամանակ դպրոցի մոտ բազմաթիվ հեծանիվներ են կայանած։

Հասարակական տրանսպորտի կանգառների մոտ (եւ առհասարակ փողոցի բազմաթիվ այլ վայրերում) կարելի է գտնել հատուկ վայրեր՝ հեծանիվների կայանման համար։ Այդ կայանատեղիները կամարաձեւ մետաղական խողովակներ են, որոնց հատուկ ճոպանով (փականով) ամրացնում են հեծանիվները։ Պատահում է, որ ճանապարհային նշանի սովորական սյունն էլ է օգտագործվում այդ նպատակների համար։

Հեծանիվների գողության դեպքերը քիչ չեն, դրա համար էլ դրա դեմ պայքարի միջոցները կատարելագործվում են ու բարդանում։ Վերջերս հայտնվել է Bike ID նորագույն համակարգ (թարգմանաբար հեծանիվ ու նույնականացում բառերից), որով հեշտությամբ կարելի է պարզել հեծանվի պատկանելիությունը։

Առայժմ կայանատեղիում լայնորեն գործածվում են ավանդական ճոպանները կամ էլ փականով շղթաները։ Ինչն իհարկե ոչ միշտ է օգնում։ Հաճախ կարելի է մայթեզրին տեսնել անտեր շղթաներ, կամ թալանված հեծանիվների կմախքներ ՝ առանց անիվների։ Բայց հեծանիվները նման դեպքերից ապահովագրելը հնարավոր է։

Հեծանիվների գները բավականին տարբեր են՝ հիսուն եվրոյից սկսած մինչեւ մեկուկես հազար եվրո եւ ավելի բարձր։ Ըստ ձեր նախընտրած մոդելի՝ հասարակ, թե էլեկտրական շարժիչով։ Գերմանացիների համար հեծանիվը միանգամայն մատչելի է ու ամենեւին էլ ճոխություն չէ։

Կա նաեւ հեծանիվների վարձույթ։ Ընդ որում հենց կայանատեղիներում, որտեղ նման հեծանիվներն առանձնանում են գովազդային ցուցանակներով։ Այդ նույն Բեռլինում կան մի քանի ընկերություններ, որոնք նման ծառայություններ են առաջարկում։ Դա բավականին հարմար է զբոսաշրջիկների եւ սիրողական հեծանվորդների համար։ Հատուկ նրանց համար բեռլինյան BVG տրանսպորտային ընկերությունը պատրաստել է քաղաքային զբոսարշավների երթուղիներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ