News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը բավական ակտիվ զարգացումների տարի է ունեցել, եւ դրանից անմասն չեն մնացել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Ավարտել ենք բանակցությունները եւ նախաստորագրել ենք նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կստորագրվի Բրյուսելում: Արեւելյան գործընկերությունը՝ որպես բազմակողմ համագործակցության ձեւաչափ, փոխլրացնում է ԵՄ հետ մեր երկկողմ հարաբերությունները: Նախորդ տարիներին մեզ հաջողվել է տեսանելի արդյունքներ արձանագրել նաեւ գործընկերության ոլորտային ուղղություններով, եւ մենք ակնկալիքներ ունենք հատկապես գալիք գագաթնաժողովից»: Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում մի շարք ոլորտներում կատարված աշխատանքներին եւ ծրագրերին գոհունակություն հայտնել արձանագրված ընթացիկ արդյունքների կապակցությամբ եւ կարեւորել գործակցության շարունակականությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը արդյունավետ եւ կառուցողական է գնահատել ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ աշխատանքը:

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, կարեւորելով Հայաստանի հետ գործընկերության շարունակումը, նշել է. «Կարծում եմ, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ դեպի առաջ մեծ քայլ կկատարենք, որից հետո մեր ձեռքերում կլինի այդ համաձայնագրում նախատեսված հնարավորությունների օգտագործումը: Տվյալ համաձայնագրի նշանակությունը չի սահմանափակվում մեր երկկողմ հարաբերություններով. առաջին անգամ է, որ կարողանում ենք պայմանագրային դաշտ, համաձայնագիր ունենալ մի պետության հետ, որը միաժամանակ նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ է: Դա օրինակելի մոդել կարող է լինել այլ երկրների համար»:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել տնտեսական, ՓՄՁ, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, վիզաների ազատականացման, կրթության, մշակույթի, քաղաքացիական հասարակության կայացման եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցությունը շարունակելու հեռանկարներին: Տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարեւորել է ԵՄ GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմի շարունակականության ապահովումը։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները՝ նշելով, որ այն բարեփոխումներ է նախատեսում բոլոր բնագավառներում ու առաջին հերթին ուղղված է նաեւ մտածելակերպի փոփոխությանը, կառավարման նոր մշակույթի ներդրմանը եւ հասարակության հետ գործուն հետադարձ կապի ապահովմանը: Յոհաննես Հանը հավակնոտ է համարել կառավարության ծրագիրը՝ նշելով, որ ԵՄ-ն պատրաստակամ է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում օժանդակության հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ