Այն քաղաքապետարանները, որոնք անխնա գումարներ են ծախսում, կզրկվեն բյուջետային օգնությունից։ Հոկտեմբերի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նա ուշադրություն է հրավիրել, որ հանրապետության քաղաքապետարանների միայն 30 տոկոսն է բնակիչներից հավաքում աղբահանության վարձը։ «Կարող են ասել, թե մարդկանց են օգնում, բայց իրականում ինչքան ուրիշ հոգսեր կան հոգալու։ Իսկ աղբի համար մարդիկ իրենք կարող են հոգալ։ Միայն չասեք, թե շրջաններում մարդկանցից գումար չես հավաքի։ Ինչպե՞ս է, որ Մարտունիի եւ Գավառի քաղաքապետարանները հավաքում են, իսկ Վարդենիսում՝ ոչ։ Նույն շրջանն է, նույն մարդիկ»,-նշել է Լոքյանը։
2018 թվականից օգնություն կտրամադրվի ըստ բյուջետային կարգապահության՝ «շատի համար ավելի շատ» սկզբունքով։ Ով ավելի շատ կհավաքի եւ ավելի լավ կծախսի, նա էլ ավելի շատ կստանա, հավելել է նախարարը։