News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բանակում զինծառայության վայրի հետ կապված գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով, հիմա քաղաքացին վիճակահանությամբ չի կարող քաշել որպես ծառայության վայր այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակության վայրից 150 կմ հեռավորության վրա. «Ժամանակին սա 50 կմ էր, հետո դարձվեց 120, 150: Ինքը բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետեւ եթե դա վիճակահանություն է, ապա յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա տեսնելու , թե վիճակահանության արդյունքում որ զորամասն է նախանշվում»:

Նախարարը նշեց, որ օրինակ, Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետեւ իր տունը գտնվում է 60 կմ հեռու. «Կարծում ենք, դա ձեւական բնույթ է կրում: Փոքր տարածքով հանրապետության պարագայում սա որեւէ խնդիր չի լուծում, ընդամենը ձեւական է, որ մենք արտոնություն ենք տալիս: Հիմա, եթե արտոնությունից օգտվող քաղաքացին ուզում է «Ես եմ» ծրագրով ծառայի, ստանա պատվովճար, կարող է արտոնությունից չօգտվել, ծառայության ընթացքում մեկ արձակուրդի տեղը տրվում է 3 արձակուրդ: Արտոնությունը նրա համար էր, որ ծնողը հեշտ այցելեր զորամաս, իսկ մենք այսպես թույլ ենք տալիս 3 անգամ գնալ տուն՝ 6 ամսում»:

Փոխարենը, ըստ նախարրի, գործելու է արտոնությունների այլ կարգավորում. «Մենք առաջարկում ենք տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ, այսինքն մարտական հերթապահության մեջ այս արտոնություններից օգտվող քաղաքացին կարող է ընդգրկվել միայն կամավոր հիմունքներով: Որպեսզի չլինի այն մտավախությունը, որ զորամասում քաղաքացուն պարտադրելու են, որ գրի՝ կամավոր  ուզում է ընդգրկվել, սա վերագրվում է միայն «Ես եմ» ծրագիրն ընտրող քաղաքացուն: Այսինքն եթե ունի արտոնություն, բայց ուզում է «Ես եմ» ծրագրով մասնակցի զորակոչին, կարող է ասել, որ  չի ուզում  օգտվել արտոնություններից, ուզում է ծառայությունն անցկացնել առաջնագծում»:

Նախարարը ասաց, որ ծնողների՝ զորամասեր այցելությունների ծրագրերը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է,  գնալով շատանալու են, նաեւ ընդլայնվել է Զինված ուժերում եղբայրների ծառայության կարգը. «Մինչ այսօր եթե նույն զորակոչին երկու եղբայր զորակոչվում են Զինված ուժեր, նրանցից մեկը կարող էր մասնակցել վիճակահանությանը, մյուսը կարող էր  նույն զորամաս մեկնել ծառայության: Դա  չէր տարածվում տարբեր զորակոչների  ընթացքում  զորակոչվող եղբայրների վրա: Այս օրենքի նախագծով փոխում ենք այդ կարգավորումը: Եթե ավագ եղբոր ծառայությունը 17 ամիսը չի գերազանցում, ցանկացած պահի կարող է կրտսեր եղբայրը գնալ նույն զորամաս ծառայելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ