News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկար տարիներ Հայաստանն աչքի է ընկել իբրեւ ապահով երկիր: Այդ մասին ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին ունեցած ելույթում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, այդ մասին շատ են խոսել թե՛ տարբեր առաքելություններով Հայաստան այցելած անձինք, թե՛ պարզապես զբոսաշրջիկները: Դա, բնականաբար, ոգեւորիչ է:

«Միաժամանակ պետք է փաստել, որ վերջին շրջանում միջազգային որոշ կառույցների կողմից կատարված հետազոտություններով Հայաստանի ցուցանիշներում նկատվում է նահանջ: Դա մտահոգիչ է, մանավանդ որ այդ նույն ժամանակահատվածում մեր որոշ հարեւաններ դրական տեղաշարժ են արձանագրել: Ես այս պարագայում որեւէ արդարացում, որեւէ պատճառ չեմ ընդունում: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատմել երեխաներին: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն այս հանգամանքների մասին եւ նրանք ունեն բոլոր հնարավորությունները պարզելու, թե ինչպիսին է հանցավորության վիճակը կոնկրետ երկրում:

Մենք պետք է ձգտենք անընդհատ առաջընթաց գրանցել: Մեր նպատակն է կայուն տեղ զբաղեցնել աշխարհի ամենաապահով եւ մրցունակ երկրների շարքում»,- ասել է նախագահը:

«Այս նպատակադրումը, անշուշտ, իր մեջ տնտեսական տարր է պարունակում: Անվտանգ միջավայրը, անկասկած, նպաստում է եւ՛ զբոսաշրջության զարգացմանը, եւ՛ ներդրումների աճին:

Բացի այդ, խիստ կարեւորում եմ հասարակական համերաշխության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը: Այստեղ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իրականացնել իր իրավունքները կամ կատարել իր պարտականությունները՝ չվնասելով այլոց իրավաչափ շահերը:

Անշուշտ, կան եւ լինելու են անհատներ, ովքեր փորձելու են իրենց սահմանադրական իրավունքները եւ ազատությունները պատշաճ իրականացնող անձանց հաշվին իրացնել սեփական կամ խմբային նկրտումները: Ուստի, ոստիկանությունը միշտ պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքելու տարաբնույթ երեւույթներին: Ոստիկանությունը պետք է պատրաստ լինի տարբեր հարթություններում դիտարկելու ակնհայտ իրավախախտին եւ իր քաղաքացիական իրավունքից բարեխղճորեն օգտվողին կամ մասնագիտական պարտքը կատարողին:

Բոլորը թող իրենց ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարեւոր է նաեւ համաչափ գործելը: Իշխանության կողմից մարդու իրավունքներին եւ ազատություններին ոչ իրավաչափ միջամտությունն անթույլատրելի է, նույնիսկ եթե նպատակն արդար է»,- նշել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ