Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստն այսօր՝ նոյեմբերի 6-ին, հերթական անգամ հետաձգվեց: Դատական նիստին դատարան ՔԿՀ-ից չէին բերվել գործով ամբաստանյալները: Նրանք դատարան չէին բերվել, որովհետեւ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Սասնա ծռեր» 3-ի գործով նիստ:
Դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստը նշանակել ոչ թե 13:00-ին, այլ 14:30-ին, որպեսզի «Սասնա ծռերի» գործը չխոչընդոտի նիստերի կայացմանը:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: