News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն ՀՀ ստանձնած հանձնառությունների եւ քաղաքական պարտավորությունների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է համազեկուցողների պարբերական այցերը Հայաստան, որոնք թույլ են տալիս քննարկել մեր երկրում ընթացող բարեփոխումները եւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

«Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ ներգրավված է եղել կառույցի եւ դրա տարբեր մարմինների աշխատանքներում: Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը եւ շնորհակալ ենք  ԵԽ-ին՝ փորձագիտական աջակցության համար, այդ թվում՝ նաեւ օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակման գործում: Կարծում եմ, որ Հայաստանը մեծ ճանապարհ է անցել այդ պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչի մասին են վկայում ԵԽԽՎ եւ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները», - ասել է Կարեն Կարապետյանը:

ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին համակարծիք են եղել, որ Հայաստանը բավական կարճ ժամկետում բավական երկար ուղի է անցել՝ նշելով, որ համապետական ընտրություններից հետո երկիրը փոփոխությունների եւ զարգացումների հաջորդ փուլն է թեւակոխել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված գործընթացներին,  ընտրական բարեփոխումներին  ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ուղղություններով կատարված եւ կատարվող աշխատանքները, որոնց նպատակը վերոնշյալ գործընթացների արդյունավետ ու սահուն կազմակերպումն է: Վարչապետը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարը ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է, եւ բացի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղությամբ կոնկրետ քայլերից, մի շարք ձեռքբերումներ են արձանագրվել նաեւ օրենսդրական դաշտում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կառավարության ղեկավարը կարեւորել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) եւ Փողերի լվացման հարցով կոմիտեի հետ (ՄԱՆԻՎԱԼ) առարկայական համագործակցությունը: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաեւ, որ ներկայում մշակման փուլում է գտնվում ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2018-2023 թթ. ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Վարչապետն անդրադարձել է նաեւ տարբեր ինտեգրացիոն միավորումների եւ առանձին երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին, խոսել բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ակտիվության խթանման  եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: «Մեր գլխավոր նպատակը յուրաքանչյուր ներդրողին՝ թե´ տեղական, թե´ օտարերկրյա, իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովելն է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բիզնես միջավայրին, արձանագրում ենք, որ վերջին մեկ տարում ունենք դրական արդյունքներ, բայց գիտենք նաեւ թույլ կետերը եւ աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները: «Կարելի է երկու բանի համար շնորհակալություն հայտնել՝ նախ, այն արժանապատիվ եւ լուրջ մոտեցման համար, որ ձեր երկիրը ցուցաբերում է Սիրիայից փախստականների, մասնավորապես, սփյուռքահայերի հոսքի առումով: Մենք երախտապարտ ենք դրա համար. դա օրինակ է, որից այլ ազգերը կարող են սովորել եւ որի վրա կարող են հիմնվել: Եվրոպայի խորհրդի անունից էլ շնորհակալ ենք ձեզ այն աշխատանքի համար, որը Եվրոպայում կատարում են ՀՀ դիվանագետներն ու ներկայացուցիչները, ԵԽԽՎ-ում ձեր պատվիրակությունը: Մենք կարող ենք հավաստիացնել, որ կշարունակենք օժանդակել ձեզ, որպեսզի ձեզ երազած նոր Հայաստանը կառուցելու ճանապարհին այդ տեմպը պահպանեք», - իր խոսքում ասել է Ալան Միլը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել գնահատականի եւ աջակցության պատրաստակամության համար՝ նշելով. «Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն մեր կողմից ստանձնած հանձնառությունների եւ քաղաքական պարտավորությունների: Դրանց աննախապայման իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ընդլայնմանը՝ որպես կայուն բաղադրիչներ մեր անվտանգության եւ կայուն զարգացման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ