«Սասնա ծռեր» խմբի անդամներին իր բեռնատարը տրամադրելու մեղադրանքով կալանավորված Խաչատուր Գիչյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Աննա Ջուվանովան: Նա նշեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի եւ ՔԿՀ խցում չէր կարող մնալ: Խաչատուր Գիչյանը այդ հարցը բարձրաձայնել է դատարանում, խնդրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ուշադրություն հրավիրել այդ հարցին, մի քանի օր անց էլ Խաչատուր Գիչյանին «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել. «Հիմա ես չգիտեմ՝ դատավորն է ձեռնամուխ եղել, թե ՔԿՀ-ն այդպիսի որոշում է կայացրել»:
Պաշտպանի խոսքով, իր պաշտպանյալի համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պայմանները համեմատաբար լավ են. «Ասում է, որ ավելի հարմար է իր համար, քան ՔԿՀ խցում էր»:
Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց: Շտապօգնության բժիշկը հայտնել էր, որ Գիչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ երկար ժամանակ չի օգտագործել անհրաժեշտ դեղորայքը եւ այդ պատճառով էլ վիճակը վատացել է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը: Նրանք ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, գույքը, ինչպես նաեւ պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
Արմեն Բիլյանը հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:
Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն: