News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թեպետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած իր այցն անվանել է «շատ արդյունավետ», փորձագետների եւ լրատվամիջոցների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ Թրամփը ոչ մի շոշափելի արդյունք չի գրանցել։

Պեկինը Թրամփ ամուսիններին դիմավորեց շքեղ եւ արեւելքին բնորոշ ճոխությամբ։ Թեպետ Թրամփը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խորհրդով, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին տարատեսակ հաճոյախոսություններով էր հեղեղել եւ չէր զլացել շողոքորթել, 2 երկրների մերձեցման մասին դեռ վաղ է խոսել։ Առավել եւս, Թրամփն ինքն էլ նշեց, որ առեւտրի ոլորտում տարաձայնությունների հարցում առաջընթացի հասնել իրեն չի հաջողվել։ «Ես չեմ մեղադրում Չինաստանին, ես մեղադրում եմ նախկին վարչակազմի ոչ կոմպետենտությանը, քանի որ նրանք Չինաստանին թույլ են տվել օգտվել առեւտրում ԱՄՆ առավելություններից, ընդհուպ մինչեւ այն պահը, երբ ԱՄՆ–ը միլիարդավոր դոլարներ էր կորցնում։ Ինչպե՞ս դուք կարող եք մեղադրել Չինաստանին մարդկանց օգտագործելու մեջ, որոնք այդ մասին գաղափար չունեին։ Ես նույն բանը կանեի»,– գրել է նա Twitter–ում։

Առեւտրային նրբություններ

Թիլերսոնը հայտարարել էր, որ չնայած ժամեր շարունակ տեւած առեւտրային բանակցություններին, դեռեւս շատ քիչ բանի է հաջողվել հասնել, եւ որ ԱՄՆ–ը Չինաստանի իշխանությունների գիտությանն է հասցրել այն, որ իրենք դժգոհ են առաջընթացի տեմպերից, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալներով՝ այս տարվա առաջին 10 ամիսներին ԱՄՆ առեւտրում Չինաստանի պրոֆիցիտը կազմել է 223 մլրդ դոլար։

Թրամփը նշել է, որ Չինաստանի հետ առեւտրային դեֆիցիտը տարեկան ապշեցուցիչ 100 միլիարդ դոլարի է հասնում։ «Նախորդ վարչակազմն է իրավիճակը հասցրել այս մակարդակին։ Բայց ես չեմ մեղադրում Չինաստանին։ Ես բարձր եմ գնահատում Չինաստանին»,– ասել է նա։

Սի Ցզինպինը նշել է, որ առեւտրի ոլորտում չին–ամերիկյան համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի, եւ հավելել, որ Թրամփի այցելության ընթացքում 206.5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով կոմերցիոն համաձայնագրեր են ստորագրվել։

Սակայն Պեկինում ներկայացված համաձայնագրերի մեծ մասը պարտադիր ուժ չունեցող հուշագրեր են, եւ Bloomberg News–ի փոխանցմամբ՝ դրանց իրականացումը կարող է տարիներ պահանջել, եթե առհասարակ նման բան պատահի։

Արդյունաբերության ամերիկյան ինստիտուտի մասնագետ Դերիք Սիզորսը կասկածում է, որ նման համաձայնագրերը կարող են լուծել Չինաստանի հետ հարաբերություններում իրական խնդիրները։

«Նախագահը սիրում է համաձայնագրեր եւ մեծ թվեր, բայց մենք չենք կարող,  չփոխելով Չինաստանի հետ առեւտրի պրակտիկան, փոխել այն, ինչը նրան դուր չի գալիս, այդ թվում՝ առեւտրային դեֆիցիտը։ Անհրաժեշտ է, որ Չինաստանը առեւտրում այլ մոտեցնում ցուցաբերի»,– կարծում է մասնագետը։

Դիվանագիտական նրբություններ

Սի Ցզինպինը Դոնալդ Թրամփի համար իսկական արքայական ընդունելություն էր պատրաստել։  Սակայն, եթե խորամուխ լինենք, թե ինչ է գրում կուսակցության գծին հավատարիմ մամուլը, ակնհայտ է դառնում, թե ինչպես է գործնականում Չինաստանի ղեկավարությունը վերաբերվում ԱՄՆ նախագահին, գրում է  Die Welt-ը։

«Պեկինի ղեկավարությունը բարձր կարծիք չունի նախագահ Թրամփի մասին, բայց ցույց չի տալիս,- պնդում է հրապարակման հեղինակ Ջոնի Էրլինգը։ - Բացառությունն արվել է վերջերս տեղի ունեցած կուսակցական  համագումարի նախօրեին. Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի  պրոպագանդիստները՝ Բարձրագույն կուսակցական դպրոցից,  գրում էին այն մասին, որ արտասահմանում ոչ ոք Սիի չափ չարժե, եւ դա արտահայտում է Չինաստանի քաղաքական համակարգի «գերազանցությունը»։

«Այն շքեղության ֆոնին, որով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շրջապատել էր այցով ժամանած ամերիկացի գործընկերոջը՝ նախագահ Թրամփին, դժվար է չնկատել, որ երկու առաջնորդներն ու երկու երկրները ընթանում են միանգամայն այլ ուղղություններով», -  գրում է The New York Times-ի տեսաբան Էնթոնի Ջ․ Բլինքենը։

«Այն ժամանակ, երբ Թրամփը պատերի կառուցմամբ է զբաղված, Սին զբաղված է կամուրջների կառուցմամբ, - նշում է նա։ - Այդ ամենը վկայում է, որ Սիի խոսքով, Չինաստանը կդառնա «այլ երկրների համար նոր ընտրություն», ինչպես նաեւ միջազգային կարգի նոր դատավոր, որը վաղուց ասոցացվում է ԱՄՆ–ի հետ,- նախազգուշացնում է հեղինակը։- Այն ֆոնի ներքո, թե Թրամփն ինչպես է զիջումների գնում Չինաստանի հետ, միջազգային ազատական կարգը, որը ձեւավորվել էր 20-րդ դարի երկրորդ կեսին, կարող է ճանապարհը զիջել ոչ ազատական կարգին»,-  եզրափակել է նա։

Հյուսիսային Կորեա

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ–ն եւ Չինաստանը կգտնեն հյուսիսկորեական խնդրի լուծումը։ «Ես հավատում եմ այդ լուծմանն այնպես, ինչպես դուք»,– ասել էր Սպիտակ տան ղեկավարը չինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Թիլերսոնը հաստատել էր, որ ԱՄՆ–ի եւ Չինաստանի միջեւ Հյուսիսային Կորեայի  հարցում տարաձայնություններ չկան։ «Մեր խնդիրները տարբեր չեն,– ասել էր պետքարտուղարը,– մենք ունենք մարտավարության, ժամկետների եւ ճնշման ուժի մասին սեփական պատկերացումները, եւ հենց դա էլ մենք այդքան երկար քննարկել ենք»։

Սակայն Al Bayan պարբերականը նշում է, որ Հյուսիսային Կորեայի դեպքում ԱՄՆ դաշնակիցների մտահոգությունը սերտորեն կապված է Չինաստանի դիրքորոշման եւ ԱՄՆ–ի հետ հարաբերությունների հետ։ Եվս մեկ խնդիր է այն, որ 2 երկրներն էլ կարող են Հյուսիսային Կորեայի շուրջ գաղտնի գործարք կնքել, որը հաշվի չի առնի Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի շահերը՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք մտահոգված են տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությամբ։

Համաշխարհային քաղաքականությանը վերաբերող հարցերում Թրամփն այդպես էլ (Չինաստանի կողմից) զիջման չի հասել: Հյուսիսային Կորեան թեմաների ցանկում առաջինն է, որոնցով նա ուղեւորվել է իր ասիական շրջագայությանը, եւ ԱՄՆ նախագահը ուժերի գերլարումով ջանացել է Չինաստանի նախագահին համոզել մեծացնելու Փհենյանի վրա ճնշումը»,- նշված է Kurier-ի հոդվածում:

Սին անդրդվելի է մնացել՝ նշելով միայն, որ Հյուսիսային Կորեայի դեմ վերջերս մտցված պատժամիջոցների արդյունավետությունը երեւալու համար ժամանակ կպահանջվի: «Չինաստանն ամբողջ տարածաշրջանին ցույց է տալիս, որ հուսալի ուժ է, մինչդեռ ԱՄՆ գործերի վիճակը վատ է եւ նրա հանդեպ վստահությունը սասանված է,- նշում է Բրուքինգսի ինստիտուտի հեղինակավոր վերլուծական կենտրոնից Թոմաս Ռայթը: - Թրամփի հիմարությունները Չինաստանին թույլ են տալիս իրեն գլոբալիզացիայի չեմպիոն ներկայացնել»:

Բարձրագույն կուսակցական դպրոցի Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Չժան Լյանգույի կարծիքով՝ ինչպես Պեկինը, այնպես էլ Վաշինգթոնը հասկանում են, որ «երկխոսությունից բացի, այլ ճանապարհ չկա». Փհենյանի դեմ պատժամիջոցները որոշ ազդեցություն ունեցել են, սակայն դրանց խստացումը չի հանգեցնի միջուկային զենքից ռեժիմի հրաժարվելուն: Փորձագետը կարծում է, որ ԱՄՆ-ն մտադիր է «ռազմական միջոցների դիմել»: Հարցն այն է միայն, թե արդյոք Թրամփն իր ծրագրերին հաղորդակից կդարձնի Սի Ցզինպինին, եւ որքանով նա դրանք ընդունելի կհամարի»,- նշում է Die Welt-ը:

Ըստ «Ամերիկայի ձայնի», «Ինոպրեսսայի» եւ «Ինոսմիի» հապարակումների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ