News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնացի մասնագետների եւ Հայաստանի սեյսմիկ ազգային ծառայության մասնագետների կարծիքով՝ երկրաշարժի դեպքում Երեւան քաղաքի շենքերի միայն 40 տոկոսը կունենա մասնակի փլուզումներ: Այս մասին «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հայաստանի ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ- ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում Հայաստանի տարածքը թերագնահատվել էր սեյսմիկ վտանգի տեսակետից, ապա Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվել են այդ մոտեցումները եւ հիմա ունենք բարձր վտանգի մակարդակ:

Խլղաթյանը նշեց, որ 2010-ին ճապոնական «ՋԱՅԿԱ»  ընկերության հետ համատեղ Երեւանի սեյսմիկ ռիսկի գնահատում է կատարվել, արձանագրվել եւ վերհանվել են բոլոր շենք-շինությունների խնդիրները, դասակարգվել են շենքներն` ըստ սեյսմակայանության մակարդակի:

Երեւանում, ըստ նրա, սեյսմիկ ռիսկի գնահատման հիմնական բաղադրիչները մոտ 4700 բազմաբնակարան շենքերն էին, որոնք բաժանել են տիպերի. «Տիպերը կախված են կառուցապատման տարեթվից, կիրառված նյութերից, կոնստրուկտիվ առանձնահատկություններից, հարկայնությունից, շահագործման պայմաններից եւ գտնվելու վայրից: Մայրաքաղաքը ստվարաշերտի կամ գրունտների առումով կարելի է բաժանել 3 հիմնական խմբի՝ ուժեղ գրունտներ կամ ժայռային գրունտներ, որոնք գտնվում են  Նորքի զանգվածի հատվածում, երկրորդ կարգի գրունտները՝ քաղաքի կենտրոնական մասում են, երրորդ կարգի գրունտները՝ Աէրացիայի տարածքից ներքեւ: Երրորդ կարգի գրունտների վրա կառուցված ճկուն տիպի շենքերը կարող են երկրաշարժի ժամանակ ենթարկվել ռեզոնանսի եւ ավելի մեծ վնասվածքներ ստանալ: Այս տարաբաժանումով, հավանաբար ենթադրվել է, որ նման տիպի գրունտներում կառուցված ճկուն շենքերի միայն 20 տոկոսը կարող են դիմակայել երկրաշարժին»,- ասաց նա:

Անդրադառնալով 1988-ի երկրաշարժին, Խլղաթյանը նշեց, որ այդ ժամանակ Գյումրիում կառուցված 116 սերիայի շենքերն ամբողջովին կամ մասնակի փլուզվել են, Վանաձորում էլ այդ տիպի շենքերը ստացել են 2-րդ աստիճանի վթարայնություն. «Սա նշանակում է, որ նույնատիպ շենքերը՝ կապված տեղանքի գրունտային պայմաններից, կարող են ենթարկվել այս կամ այն սեյսմիկ վնասվածքների»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ