News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գնալով Գյումրիի խնդիրները շատանում են եւ անգամ գումարներ ձեռք բերելու դեպքում, դրանք դժվարությամբ կլուծվեն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը՝ հավելելով, որ պետությունը դեռեւս իր ուշադրությունը չի կենտրոնացնում աղետի գոտու վրա:

«Մենք չպետք է համակերպվենք աղքատության հետ, որ տիրում է Գյումրիում եւ տնակային ավաններում: Գյումրիում պետությունը բնակարանաշինության ծրագիրն ավարտել է եւ համարում է իր պարտականությունը կատարած երկրաշարժից հետո անօթեւան մնացածների հանդեպ: Հետեւաբար դեռ երկար ժամանակ տնակային ավաններ ենք տեսնելու Գյումրիում»,-ասաց նա:

Թումասյանի խոսքով, իրականում կա անօթեւանների մի քանի բանակ. մի մասը հենց երկրաշարժի հետեւանքով է անօթեւան դարձել, սակայն այսօր Գյումրիի անօթեւանների 60 տոկոսը հենց երկրաշարժի ժամանակ չի զրկվել բնակարանից, որովհետեւ կամ փոքր են եղել, կամ բնակարան այդ ժամանակ չեն ունեցել, որ կորցնեն. «Կան նաեւ կիսախարխուլ շինություններ, որոնց բնակիչներին անօթեւանների ցանկում չեն հաշվառել, քանի որ այդ շենքերը պետք է ամրացնեին, սակայն այսօր այդ ուղղությամբ ոչ մի ծրագիր չի իրականացվում:

Շուրջ 2300 ընտանիքներ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, որոնք կրում են երկրաշարժի հետեւանքները»:

Նա ընդգծեց, որ երբ խոսում են Գյումրիի վերածննդի, տուրիզմը զարգացնելու մասին, այս թշվառությունը հանդուրժելով որեւէ խնդիր չեն կարող լուծել. նախ պետք է աղքատությունը կրճատվի. «Ընդհանրապես, հասարակությանը միշտ էլ կերակրում են տարբեր գաղափարներով: Հիմա վարչապետը մոդայիկ թեմա է գտել՝ տուրիզմը: Իշխանությունները միայն Գյումրիի հրապարակի վրա են ուշադրություն դարձնում, որովհետեւ իրենց տեսողական տարածքը փոքր է»:

Որպես խնդիրների լուծում, նա առաջարկեց լուծել աշխատատեղերի խնդիրը, հարկային որոշակի արտոնություններ սահմանել, լայնածավալ բնակարանային շինարարություն իրականացնել:

«Իշխանությունը խոսում է տուրիզմի զարգացումից, զուգահեռաբար քանդում են գյուղերը, Երեւանում «Նոր գյուղ» է կառուցում: Սա անհեթեթ ծրագիր է, եւ ցույց է տալիս, որ մարդիկ կենտրոնացել են իրենց բիզնեսի վրա, ոչ թե երկրի զարգացման: Հաճախ որեւէ նոր կենտրոն, որեւէ նոր շինություն բացելիս իշխանավորներն ասում են, հյուրերի համար է, որ մեր դեմքը լավ ցույց տանք: Քանի դեռ նրանք խնդիր չեն դրել  նախ բնակչության համար քայլեր անել, հետո նոր հյուրերի, խնդիրը խորանալու է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ