News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հիկարի» հայ-ճապոնական գիտահետազոտական մշակութային կենտրոնը նախաձեռնել եւ իրականացրել է ճապոնական եռատող հոկկուների ժողովածուի հրատարակումը: Կենտրոնը մտադիր չէ սրանով սահմանափակվել, հակառակը՝ ակտիվորեն շարունակելու է իր ավանդը ներդնել 2 ժողովուրդների ներկայացուցիչների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:

Ժողովածուի ստեղծմանը մասնակցել են 36 հայ եւ 35 ճապոնացի, տարբեր տարիքի եւ մասնագիտության մարդիկ, երեխաներ: NEWS.am-ի հետ զրույցում կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը նշեց, որ ժողովածուի հրատարակման նախաձեռնությանը նախորդել է Ճապոնիայից պատվիրակության ժամանումը, որը մասնակցել է Օգոստոսի 6-ի հիշատակի օրվա (Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության օրը – խմբ.) միջոցառմանը: Երկու կողմերն ընթերցեցին իրենց հեղինակած հոկկուները: «Եվ մենք որոշեցինք, որ չի կարելի թույլ տալ խաղաղության մասին բառերն օդում տարրալուծվեն: Այդ ժամանակ էլ որոշեցինք, որ պետք է գրքին այս ձեւը տալ, եւ ստացվեց»,- նշեց Կարինե սանը:

«Հիկարի» կենտրոնի ղեկավարը համոզված է, որ ժողովածուին մասնակցած յուրաքանչյուրը պետք է շնորհակալական խոսքով մեկ օրինակ ստանա: «Եթե Հիրոսիմայից 5-ամյա տղան հոկկու է գրում եւ մեզ ուղարկում, մեք իրավունք չունենք նրա սպասումները չարդարացնելու: Գիրքը ստանալով՝ նա կհասկանա, որ չնայած ես իր լեզվով չեմ խոսում, սակայն մեզ ընդհանուր արժեքներն են միավորում, խաղաղության ձգտումը, եւ նա կպայքարի հանուն նրա, ինչի մասին գրել է: Իհարկե, կարելի է գիրքը գեղեցիկ փաթեթավորել եւ փոստով ուղարկել: Բայց դա այն չի լինի: Ի սրտե նվերը պետք է ձեռքից ձեռք փոխանցվի՝ «Սա փոքր նվեր է, բայց ի սրտե» բառերով» 

Կարինե սանի խոսքով՝ նախագիծը պետք է շարունակություն ունենա: «Գրքի վերջում դատարկ էջեր են: Այսինքն՝ 71 հոկկուն ընթերցելով, յուրաքանչյուրը կարող է ավելացնել, փոխանցել ուրիշներին, ու նրանք նույնպես կավելացնեն: Սա ոչ թե պարզապես գիրք է, սա գաղափարախոսություն է: Մեծ հույս ունենք, որ «ալիքը» կտարածվի: Չէ՞ որ այն, ինչ այսօր աշխարհում տեղի է ունենում, տխուր մտորումներ է առաջացնում: Մոլորակն արդեն դժվարությամբ է համակերպվում այն բազմաթիվ սխալների հետ, որոնք մարդն անում է: Այնքան խնդիրներ կան, եւ այնքան դժբախտ երեխաներ: Այդպես չպետք է լինի»,- շեշտեց Կարինե Փիլիպոսյանը:

Հոկկուի հեղինակների թվում են Ճապոնիայի եւ Հայաստանի դեսպաններ Էյջի Տագուչին եւ Հրանտ Պողոսյանը:

Օգոստոս

Լապտերների գետ

Ճպուռների ձայներ

Հրանտ Պողոսյան

***

Այս օգոստոսին

Մեն երդվեցինք աշխարհը կտակել

Գալիք սերունդին

Էյջի Տագուչի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ