News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 14-ին հետազոտվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան Տաթեւ Գասպարյանի մահվան գործով գրավոր փաստաթղթերը:

Դատավոր Աննա Մաթեւոսյանը հրապարակեց ծննդկանի մահվանից հետո Առողջապահության նախարարության կողմից ստեղծված հատուկ մասնագիտական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները: Ըստ հանձնաժողովի տված եզրակացության՝ Տաթեւիկ Գասպարյանի մոտ հեմատոման ախտորոշվել է ուշացումով, եթե ժամանակին հետազոտեին, հնարավոր է՝ ավելի վաղ ախտորոշվեր հեմատոման: Բացի դրանից, նախարարության տված եզրակացության համաձայն՝ ծննդկանը կեսարյան հատումից հետո պետք է 6 ժամ մնար ինտենսիվ թերապիայի բաժնում, մինչդեռ մնացել է ընդամենը 3 ժամ 20 րոպե:

Փաստաթղթի հրապարակումից հետո պաշտպանական կողմը հայտարարեց, որ Առողջապահության նախարարի եւ ոչ մի հրաման, մասնագիտական որեւէ ուղեցույց չկա, որում նշված լինի՝ կեսարյան հատումից հետո ծննդկանը քանի ժամ անց պետք է տեղափոխվի ընդհանուր հիվանդասենյակ:

«Հստակ նշված է, որ հիվանդի վիճակը բժիշկը գնահատում է անեսթեզիոլոգի հետ եւ միասին են որոշում՝ երբ հիվանդին տեղափոխեն ընդհանուր հիվանդասենյակ: Ընդհանրապես, հիվանդին ինտենսիվ թերապիայի բաժնից տեղափոխում են, երբ զննում են եւ պարզում, որ վիճակը թույլ է տալիս տեղափոխել հիվանդասենյակ»,- ասաց մեղադրվող բժշկուհու՝ Լիանա Դաղբաշյանի պաշտպան Վահրամ Մարգարյանը:

Բժշկուհին իր հերթին ներկայացրեց ԱՄՆ-ի եւ Կանադայի առողջապահության նախարարությունների ուղեցույցից հատված, որտեղ նույնպես ժամանակի մասին ոչինչ նշված չէ: Մեղադրող Գեւորգ Գեւորգյանը, սակայն, կասկած հայտնեց՝ արդյոք ներկայացված թարգմանությունն անհայտ ծագման չէ: Դատավոր Աննա Մաթեւոսյանը որոշում կայացրեց միջնորդությունը հետաձգել՝ նշելով, որ դատաքննության այս փուլում դրան անդրադառնալ չի կարող:

Այնուհետեւ ամբաստանյալ Կարեն Բաղդասարյանի պաշտպանները միջնորդեցին թարգմանության ուղարկել իրենց պաշտպանյալի դիպլոմը, որը գրված է ռուսերեն:

«Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ ՈՒՁՀ-ն արվել է ոչ նեղ մասնագետի կողմից, հենց սա էլ դրված է մեր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում: Մինչդեռ գործում առկա է ռուսերեն փաստաթուղթ՝ Կարեն Բաղդասարյանի դիպլոմը, որը հավաստում է՝ նա ՈՒՁՀ-ի նեղ մասնագետ է: Վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ հարկ չի համարել դա ուսումնասիրելու»,- հայտարարեցին պաշտպանները:

Մեղադրող Գեւորգ Գեւորգյանը, սակայն, առարկեց. «Եթե վարույթն իրականացնող մարմինը թերացել է, ի՞նչն էր խանգարում պաշտպանական կողմին թարգմանության ուղարկել դիպլոմն ու ներկայացնել նախաքննական մարմնին: Կոռեկտ չէ պաշտպանական կողմի թերացումը բարդել վարույթն իրականացնող մարմնի վրա»:

Դատարանը բավարարեց միջնորդությունն ու ռուսերեն փաստաթուղթն ուղարկեց թարգմանության:

Գործով առկա ապացույցների հետազոտումն այսքանով ավարտվեց: Հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվեն վկաները, փորձագետները եւ տուժող կողմը:

«Ըստ ներկայացած անձանց էլ կորոշեն, թե ինչ հերթականությամբ կհարցաքննվեն նրանք»,- հայտարարեց նիստը նախագահող Աննա Մաթեւոսյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2018թ. հունվարի 22-ին:

Հիշեցնենք, որ ծննդկան Տաթեւ Գասպարյանի գործով երկու ամբաստանյալ կա՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկներ Լիանա Դաղբաշյանն ու Կարեն Բաղդասարյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը կեսարյան վիրահատության ենթարկված եւ հիվանդասենյակ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Տ․Գասպարյանի մահը։ Հղիությունը վարած եւ կեսարյան հատումն իրականացրած Լիանա Դաղբաշյանը նույնպես հետվիրահատական սրահ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ