News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, կառավարությունում ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներն ու 2018 թ. անելիքները քննարկելիս նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ 2017 թ. ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են եղել սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործության անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման եւ արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը:

ՍԱՊԾ-ն նախաձեռնել եւ փուլային հաջորդականությամբ սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք անհրաժեշտ էին Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի արդյունավետ գործունեության ապահովման համար: Դրանք են՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցումը, տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումը, թվայնացումը եւ տեղեկատվական բազաների ձեւավորումը, սահմանային հսկողության գործընթացների պարզեցումն ու հստակեցումը, լաբորատոր կարողությունների զարգացումը, ռիսկերի գնահատման մոդելի մշակումը եւ փուլային ներդրումը, ռեյթինգավորման համակարգի մշակումն ու ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրումը, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը եւ մոնիթորինգային ծրագրերի իրականացումը:

Մինչ ծրագրերի կատարմանն անդրադառնալը՝ ՍԱՊԾ պետը վարչապետին ներկայացրել է 2017 թ. վերահսկողության արդյունքները եւ ցուցանիշները. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, կայուն անասնահամաճարակային վիճակ է եղել, կարանտին վնասակար օրգանիզմների նոր օջախներ չեն հայտնաբերվել:

Ծառայությունը ձեւավորել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար. 16 անգամ աճել է ՍԱՊԾ տեղեկատվական բազայում գրանցված սննդի շղթայի օպերատորների թիվը՝ 855-ից (2016 թ.) հասնելով 13794-ի (2017 թ.), 3 անգամ ավելացել է թեժ գծով ստացված բողոքների քանակը: Իրականացվել է ավելի քան 1300 պետական վերահսկողական միջոցառում՝ 717 ստուգում, 608 դիտարկում եւ 84 մշտադիտարկում, որոնց արդյունքում, ՍԱՊԾ պետի խոսքով, արձանագրվել են շոշափելի բարեփոխումներ վերահսկողություն անցած թիրախային ոլորտներում եւ արտադրություններում: Ընդ որում, պետական վերահսկողությունն իրականացվել է հետեւյալ մոտեցմամբ՝ խորհրդատվություն, ժամանակի տրամադրում իրավիճակը շտկելու համար, հետո միայն՝ վարչական պատասխանատվության կիրառում:

Անցնելով ծրագրերի արդյունքների ներկայացմանը՝ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցման ծրագրի շրջանակում գնահատվել է անհրաժեշտ սպանդանոցների քանակը եւ առանձնացվել է չորս տիպ: Իրականացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակում այսօր առկա է 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը,  կառուցման փուլում է 21-ը: Բացի այդ, 30-40 անհատ նոր սպանդանոց կառուցելու ցանկություն է հայտնել, արդյունքում ակնկալվում է ունենալ 71 սպանդանոց: Սպանդանոցային մորթին զուգահեռ խստացվել է վերահսկողությունը մսի շուկայում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ:

Սահմանվել է սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը, սանիտարական անձնագրի օրինակելի ձեւը եւ ժամանակացույցը, ըստ որի՝ իրականացվում է տրանսպորտային միջոցների փուլային անձնագրավորում: ՍԱՊԾ-ն տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումն սկսել է 2017թ. օգոստոսի 1-ից, Երեւանում եւ մարզերում սանիտարական անձնագիր է տրամադրվել 569 հաց-հացաբուլկեղեն եւ 124 միս-մսամթերք տեղափոխող  փոխադրամիջոցներին:

Թվայնացման եւ տեղեկատվական բազաների ձեւավորման առումով իրականացվել է ՀՀ արտաքին առեւտրի «մեկ պատուհանի» ներդրում, սանիտարական անձնագրերի էլեկտրոնային հաշվառում, վերահսկողության էլեկտրոնային հաշվառում, սննդի շղթայի օպերատորների էլեկտրոնային գրանցում, ներմուծվող բեռների ռիսկայնության ավտոմատացված հաշվարկող համակարգի ներդրում, սպանդանոցային ծագման մթերքների սերտիֆիկատների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում եւ այլն: Ծառայության էլեկտրոնային կառավարման միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները կշարունակվեն նաեւ 2018 թվականին: Կարեւորելով ծառայությունում թվայնացման գործընթացի շարունակական իրականացումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Երբ ստուգումների քանակը շատանում է, որոնք իրականացվում են «խորհրդատվություն, ժամանակ, հետո՝ վարչական միջոցառումներ» շղթայի  տրամաբանությամբ, եթե տեղեկատվական բազան ստեղծեք, վիճակագրությունն ունենաք եւ հետո դասակարգեք բիզնես շղթայի մասնակիցներին, հստակ իմանալու եք՝ ում է պետք տարին մեկ անգամ ստուգել, ում՝ 2 ամիսը մեկ անգամ, ում կարելի է 2 տարին մեկ անգամ ստուգել, որովհետեւ օրինապահ է: Այդ վիճակագրությունը, յուրաքանչյուրի համար առանձին պատմություն ունենալը չափազանց կարեւոր աշխատանք է: Ու նաեւ պետք է հասկանալ, թե թվային սննդանվտանգության համակարգը ներմուծելով, որքանո՞վ է հեշտացել բիզնեսի կյանքը, որքանո՞վ է կրճատվել շփումը: Այդ դիտարկումները ռեգուլյար պետք է  լինեն»:

Զեկուցվել է, որ սահմանային հսկողության գործընթանցերի պարզեցման եւ հստակեցման շրջանակում իրականացվել են համակարգված ու կենտրոնացված ծառայություններ, կրճատվել են ծառայությունների մատուցման ժամկետները, նվազեցվել է վարչարարությունը: ՀՀ մաքսային կետերում «մեկ պատուհան» սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունն էապես պարզեցվել է, ինչպես նաեւ մշակվել են «Վերին Լարս» անցակետով պարզեցված ընթացակարգով եւ վարչարարությամբ արտահանման արդյունավետ մեխանիզմներ:

Սննդամթերքի անվտանգության լաբորատորիան ավարտել է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացը եւ այժմ ՀՀ պետական միակ միջազգային հավատարմագրված լաբորատորիան է, ինչը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ում գործող կազմակերպություններին լաբորատորիայի եզրակացության հիման վրա ապրանքներ արտահանել ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլեւ դեպի արտաքին այլ շուկաներ:  Գործարկվել է Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիան, ինչպես նաեւ անասնաբուժական նոր լաբորատորիան, վերանորոգվել են մարզային 7 կենտրոններ:

Մշակվել է ռիսկերի գնահատման մոդելի՝ ՀՀ-ում ներդրման հայեցակարգային փաստաթուղթը, ՄԱԿ ՊԳԿ-ի աջակցությամբ նախաձեռնվել է ռիսկերի գնահատման եւ կառավարման ոլորտում ՀՀ կարողությունները գնահատելու գործընթացը: Մշակվել են հանրապետությունում կենդանիների համարակալման, նույնականացման եւ գրանցման ծրագիրը եւ սննդամթերքի դասակարգման ու սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման հայեցակարգը: Աշխատանք է տարվում սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրման, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: 2018 թ. նախատեսվում է  լայնածավալ մոնիթորինգային ծրագրերի իրականացնել կենդանիների վարակիչ 2 հիվանդությունների անասնաբուժական հսկողության, կենդանական եւ բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ոլորտներում:

ՍԱՊԾ պետը նշել է, որ հաշվետու տարում իրականացված ծրագրերն ու միջոցառումները շարունակվելու են նաեւ 2018 թվականին:

Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2018 թ. գործունեության առաջնահերթություններին, հանձնարարել է հետեւողական աշխատել թե´ ներքին, թե´ արտաքին շուկայում սննդամթերքի անվտանգության ոլորտում   արդյունքներ արձանագրելու համար: «Փորձեք հետազոտել, թե ինչ ազդակներ է պետք ուղարկել աշխարհին եւ ինչ ձեւով են իրենք մշտադիտարկում անում եւ հրապարակում, որպեսզի երկրի ծագման նկատմամբ վստահություն լինի: Մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության, անասնապահության ոլորտում: Ձեր ծառայությունը չափազանց կարեւոր է, որպեսզի բիզնեսը չխեղդենք: Եվ բացի նրանից, որ մենք իրականում պարտավոր ենք մեր քաղաքացիներին ձեր աշխատանքով երաշխավորել, որ եթե իրենք, օրինակ, թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է, եւ բիզնեսը գերշահույթ կամ այլ շահույթ ստանալու համար չի խախտում այդ նորմերը: Բայց բացի դրանից, չափազանց կարեւոր գործառույթ է, որ դուք բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծեք, որ կարողանա շուկաներ մտնել», - նշել է կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Ամենաշատ