News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կսառեցնի Ռուսաստանի պետական ակտիվները, եթե ապացույցներ գտնի առ այն, որ դրանք կարող են վտանգ պարունակել բրիտանացիների ունեցվածքի եւ կյանքի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կսառեցնենք ռուսական պետական ակտիվները, եթե ապացույցներ ունենանք առ այն, որ դրանք կարող են օգտագործվել բրիտանացիներ կյանքի կամ ունեցվածքի նկատմամբ սպառնալիքի նպատակով», - ասել է նա՝ չորեքշաբթի օրը խոսելով «Սկրիպալի գործի» կապակցությամբ Ռուսաստանի դեմ ուղղված քայլերի մասին:

Մեյը նշել է, որ Բրիտանիայի Ազգային քրեական գործակալությունը (National Crime Agency) կշարունակի «լուրջ հանցագործների եւ կոռումպացված էլիտաների» դեմ ուղղված աշխատանքը, այդ թվում նաեւ` Ռուսաստանի Դաշնությունից: « Այս երկրում այդպիսի մարդկանց կամ փողերի համար տեղ չկա»,- հայտարարել է նա:

Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ։

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:

Իսկ արդեն այսօր՝ մարտի 14–ին Բրիտանիայի վարչապետը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու եւ  Ռուսաստանի հետ երկկողմ շփումները կասեցնելու մասին։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչեւ Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:

Իսկ այսօր ՌԴ ԱԳՆ խոստացել է հայտարարությամբ հանդես գալ Բրիտանիայի վարչապետի հայտարարության շուրջ։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը եւ նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news