News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նրան մաղթել է հաջողություն եւ հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ Ու Յուն Գընը նոր լիցք կհաղորդի հայ-կորեական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները պատրաստ են աջակցել նորանշանակ դեսպանին:

Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Փհենչհանում 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հաջող անցկացման կապակցությամբ՝ ուրախալի համարելով, որ դրանք նպաստել են Կորեական թերակղզում այդ խաղերի ոգուն բնորոշ համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, ինչը, Նախագահի համոզմամբ, կարևոր է ոչ միայն Կորեայի, այլեւ ամբողջ աշխարհի համար:

Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Հարավային Կորեան նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները դեռեւս լիարժեքորեն չեն արտացոլում երկու երկրների միջեւ առկա համագործակցության մեծ ներուժը:

Միջպետական երկխոսությունը եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից նախագահը կարեւորել է բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի սերտացումը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ քայլերը:

Կորեայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ընդունելության ու շնորհավորական խոսքերի համար եւ փոխանցել իր երկրի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ու Յուն Գընը վստահեցրել է, որ ջանք չի խնայի՝ նպաստելու հայ-կորեական հարաբերությունների ամրապնդմանը, երկու ժողովուրդների փոխճանաչելիության մեծացմանը, գործարար համայնքների, օրենսդիր մարմինների միջև ակտիվ շփումների հաստատմանը, տնտեսական, հումանիտար եւ այլ բնագավառներում համագործակցության խորացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաեւ Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու որոշման համար՝ նշելով, որ դա եւս զգալիորեն կխթանի երկկողմ կապերի աշխուժացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ