News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Զինվորը տեղափոխվել է Երեւան՝ կենտրոնական զինհոսպիտալ: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ վիրավորի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, դեպքի մասին մանրամասներ չի հաղորդել:

Արցախում հակառակորդի անօդաչու է խոցվել: Պաշտպանության բանակի դիրքապահներն ադրբեջանական անօդաչու թռչող սարքը խոցել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան՝ Թալիշի հատվածում: Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը սարքը գործողության մեջ էր դրել հետախուզական նպատակներով:

Ռուսաստանի Վորոնեժի մարզում այսօր հայկական ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Երեւան-Մոսկվա երթուղին իրականացնող հայկական համարանիշերով Mercedes մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի եւ բախվել մի բեռնատարի: Պատահարի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 8 տուժած տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Պավլովսկի հիվանդանոց:

Ավտոբուսում 50 մարդ է եղել՝ 48 ուղեւոր եւ 2 վարորդ: Նախապես հաղորդվում էր, որ վարորդներից մեկը զոհերի թվում է, սակայն ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնական տվյալներ հրապարակեց. զոհվել են ավտոբուսի ուղեւորներից 40-ամյա Ա.Սուքիասյանը եւ բեռնատարի վարորդը՝ Ն.Սիոնին: Տուժածներից 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:

Նշենք, որ Երեւան-Մոսկվա երթուղու ավտոբուսը պատկանում է Երեւանում գրանցված «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությանը: Պատահարի մասին որեւէ տեղեկություն ընկերությունից ճշտել չհաջողվեց. գրասենյակը կեսօրից հետո փակ էր, հեռախոսազանգերին նույնպես չէին պատասխանում:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր հրապարակել է նաեւ գործով մյուս ամբաստանյալների դատավճիռը: Դրա համաձայն՝ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ է սահմանվել 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանն ու Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվել են 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանն ու Հրայր Թոփչյանը՝ 3, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Գործով պաշտպաններից Արայիկ Պապիկյանը դատավճիռը քաղաքական պատվեր է որակում: Պաշտպանը պատրաստվում է վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, բայց այս ատյանից նույնպես, իր խոսքով, արդար դատավճռի ակնկալիք չունի: Իսկ ամբաստանյալների աջակիցները դատավճռի հրապարակումից հետո էլ երկար ժամանակ չէին հեռանում դատարանից: Լարված իրավիճակ էր ե՛ւ շենքի ներսում, ե՛ւ դրսում. այստեղ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել: Մեղադրող Պետրոս Պետրոսյանին էլ հավաքվածներն ամոթանքի խոսքերով են ճանապարհել: Մեղադրողը ոստիկանների ուղեկցությամբ է հասել մեքենային ու հեռացել:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ վերջապես հետեւեց կուսակիցների օրինակին եւ չբացառեց վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականությունը: Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նախագահը նշել էր, որ եթե կոալիցիոն կուսակցությունները քննարկումների արդյունքում որոշեն վարչապետի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը, կհամաձայնի: Հարցն այսօր ակտիվորեն քննարկվել է խորհրդարանում: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսպիսով Սերժ Սարգսյանը վերջ դրեց ինտրիգներին եւ հայտարարեց ստահոդ պետություն ստեղծելու մասին:

Իսկ կոալիցիոն կուսակցությունները շարունակում են պնդել, որ եզրափակիչ քննարկումներ չեն եղել, վերջնական որոշմանն էլ դեռ պետք է սպասել: Էդուարդ Շարմազանովը հայտարարել է՝ Սերժ Սարգսյանը չի կարող անձնական հավակնություններով առաջնորդվել, ինչի մասին էլ հայտարարել է: Իսկ նախագահի 2014 թվականի հայտարարության մասին հարցը հունից հանել է Շարմազանովին: Դաշնակցությունում նույնպես կարծում են, որ պետական կառավարման ոլորտում մեծ փորձ ունեցող Սերժ Սարգսյանն օգտակար կլինի պետության համար: Իսկ նրան բոլոր, այդ թվում՝ կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու մասին հայտարարություններն Արմեն Ռուստամյանն անընդունելի ծայրահեղություն է համարում:

Եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում, «Ելք»-ը փողոց դուրս կգա: Դաշինքի կուսակցությունները պայքարի տարբեր ծրագրեր ունեն, բայց բոլոր երեք ուժերի գործողությունների ծրագրում էլ փողոցային պայքար նախատեսվում է: Գոնե մեկ հարցում դաշինքում կոնսենսուս կա: Էդմոն Մարուքյանն ընդունում է, որ պայքարի հարցում տարաձայնություններ կան, բայց դա չի նշանակում, որ «Ելք»-ը պառակտվում է:

Եվ վերջում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի հետ կապված սկանդալի մասին: Գեւորգ Պետրոսյանի ուսանողներից Արման Գալջյանը պնդում է, որ պատգամավոր-դասախոսն իրեն սպառնալից տոնով նկատողություն է արել՝ «կտամ չանդ կծռեմ»: Պատճառը, ուսանողի խոսքով, այն է, որ չսափրված է համալսարան ներկայացել: Գեւորգ Պետրոսյանը վստահեցնում է, որ ուսանողը ներողություն է խնդրել իրենից, իրավիճակը հարթվել է, եւ տարակուսում է, որ միջադեպը նման աղմուկ է բարձրացրել:

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ԱՄՆ է փոխադրվել, առայժմ՝ 6 ամսով: Մարզիկը պայմանագիր է կնքել Velo Pasadena ակումբի հետ: Նա, սակայն, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրի համար կշարունակի պայքարը Հայաստանի հավաքականի կազմում: Մեր թղթակցի հետ զրույցում Էդգարը խոստովանել է, որ իր կարիերայում սա մեծ հնարավորություն է. ամեն շաբաթ մրցումներ կան, մեծ փորձ կարող է ձեռք բերել: Նշենք, որ Velo Pasadena ընկերության սեփականատերն ազգությամբ հայ է՝ Հրաչ Գեւրիկյանը: Հենց նա էլ հրավիրել է Էդգար Ստեփանյանին: Հեծանվորդն արդեն այսօրվանից սկսել է մարզումներն ամերիկյան ակումբում:

Մարտի 20-ին դոլարը եւ ռուբլին աննշան էժանացել են, իսկ եվրոն նորից ամրապնդում է դիրքերը: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 673 դրամ:

Մարտի 21-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ցերեկը շրջանների զգալի մասում հնարավոր է կարճատեւ անձրեւ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը ցերեկը հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ