News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համացանցի հայտնվելով՝ մեդիատարածքի անբաժանելի մասը դարձավ ապատեղեկատվությունը: Որքան ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվում օնլայն տարածքում, այնքան հաճախ ենք լսում վտանգավորության մասին, որ սպառնում է կեղծ տեղեկատվությունը:

Հետազոտողներն ամբողջ աշխարհում ուսումնասիրում են ֆեյքի ֆենոմենը եւ դրա ազդեցությունը հանրային կարծիքի վրա: 2017 թվականին GlobeScan ընկերությունը BBC-ի պատվերով հարցում էր անցկացրել: Այն ցույց է տվել, որ աշխարհում օգտատերերի մոտ 80 տոկոսին մտահոգում է հարցը՝ համացանցում որտեղ է ճշմարտությունը, իսկ որտեղ՝ սուտը: Պարբերականի տեղեկություններով՝ անցյալ տարի անգլերենի Collins բառարանը fake news-ը ճանաչել է տարվա արտահայտություն, ընթացիկ տարում այն հիշատակվել է գրեթե 3 անգամ ավելի հաճախ:

Ինչ է fake-ը

Անգլերեն fake բառը նշանակում է «կեղծ», «կեղծված»: Ըստ Collins-ի՝ ֆեյքը «կեղծ, հաճախ սենսացիոն տեղեկատվություն է, որը մատուցվում է որպես իսկական նորություն»:

Ֆեյք կարող են լինել ֆոտո խմբագիրներով ձեւափոխված լուսանկարները, հատուկ ծրագրերով վերամոնտաժված տեսանյութերը (սովորաբար նման տեսանյութերի նկարագրության մեջ նշվում է նկարահանումների կեղծ վայր ու ժամանակ), տեքստերը (նախկինում ընդունված էր դրանք «լրագրային բադեր» անվանել): Ֆեյքային կարող են լինել նաեւ սոցցանցերի էջերը, երբ գոյություն չունեցող մարդկանց անունով կեղծ հաշիվներ են բացվում: Ֆեյքի ֆենոմենը բերել է այնպիսի հասկացությունների երեւան գալուն, ինչպիսին են «բոթերը», «թրոլները», երբ սոցցանցում կոնկրետ թեմայով  պատվիրված մեկնաբանությունները գրում է կա՛մ ռոբոտը, կա՛մ իրական մարդը, որը բոթի դեր է կատարում:

Փորձագետները 2 հիմնական գործոն են առանձնացնում, որոնք որոշում են ֆեյքի վտանգավորությունը: Առաջինը ինտերնետում կոնտենտի տարածման արագությունն է: Համացանցում տեղեկություններն այնքան արագ են տարածվում, որ օգտատերերը չեն հասցնում դրանց հավաստիությունը ստուգել: Երկրորդ գործոնն այն է, որ մարդկանց մեծ մասը հավատում է ամեն ինչին, ինչ ցուցադրում են հեռուստացույցով, տպագրում լրագրերում կամ հրապարակում սոցցանցերում: Հանրային գիտակցության վրա ազդեցության այս բոլոր գործիքները լավ ուսումնասիրել են այն պարբերականները, որոնք կանխամտածված սուտ են տարածում:

Ինչպես պայքարել ֆեյքի դեմ

Մեծ թվով խոշոր ընկերություններ ապատեղեկատվությանը պատերազմ են հայտարարել: Twitter-ը եւ Facebook-ը ներդրել են օգտատիրոջ հաստատման գործառույթ: Հիմա սոցցանցերի աշխատակազմերը հայտնի մարդկանց հաշիվները նշում են կապույտ նշանով, սա նշանակում է, որ էջը իրական մարդու է պատկանում: Վերջերս Google-ը հայտարարել էր, որ լրատվամիջոցներին կօգնի պայքարել ֆեյք նորությունների դեմ. դրա համար որոնման համակարգը կհատկացնի 300 մլն դոլար: Google-ը նաեւ խոստացել է իր ալգորիթմն այնպես փոխել, որ որոնման արդյունքներից բացառի ֆեյք նորություններին հղումը: Մի կողմ կանգնած չի մնացել նաեւ Վիքիպեդիան: Օնլայն հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ոուեյլսը թողարկել է նորությունների Wikitribune նախագիծը, որը ֆեյքի դեմ կպայքարի «ստուգված փաստերով եւ չեզոք խմբագրական հավաքածուով»:

Արդյոք սովորական ինտերնետ օգտատերն ի զորո՞ւ է պայքարել ֆեյքի դեմ: Փորձագետների կարծիքները տարբերվում են: Ոմանք խորհուրդ են տալիս չծուլանալ եւ տեղեկությունը վերստուգել: Մյուսները կարծում են, որ դրա վրա ժամանակ վատնելն անիմաստ է: Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն ասում է, որ համացանցում ապատեղեկատվության դեմ պայքարել կարելի է, սակայն չարժի այդ պայքարից արդյունք սպասել: Դրա փոխարեն՝ ավելի լավ է սովորել ապրել նոր իրողության պայմաններում, խորհուրդ է տալիս նա:

«Ֆեյքի դեմ կարելի է ու պետք է պայքարել, սակայն հաշվի առնելով այսօրվա տեղեկատվական իրականությունը՝ այդ պայքարն անարդյունավետ է: Երբ համացանցում ավելի քան 2 մլրդ օգտատեր կա, որոնք կոնտենտ են ստեղծում, եւ երբ հնարավորություն կա դիմելու այդ կոնտենտի գրեթե անսահմանափակ թվով սպառողների, պայքարը սիզիփոսյան աշխատանք կհիշեցնի: Հարկ է ընդունել՝ կսկսվի հետիրականության դարաշրջանը: Բառի լայն իմաստով ֆեյքը զուգահեռ իրականություն է կառուցում, որում մենք ստիպված կլինենք ապրել: Չէ՞ որ Յամալում չեն պայքարում մշտական ցրտի դեմ, քանի որ անհնար է կլիման փոխել: Ցրտից պաշտպանվում են՝ տաք հագուստ են հագնում, ջեռուցում են օգտագործում… Այսպես է նաեւ ֆեյքի դեպքում՝ դրա դեմ անհնար է պայքարել: Մնում է միայն դրանից պաշտպանվելու գործիքներ որոնել: Հակաբեղմնավորման հաբերի նման»,- ասաց նա:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Ալբերտ Ներզեթյանը ավելի լավատեսորեն է տրամադրված: Նրա կարծիքով՝ իմաստ ունի պայքարել ֆեյքի դեմ, բայց քանի որ դա բազմանիստ ֆենոմեն է, անհրաժեշտ է պայքարել համալիր մեթոդներով: «Ֆեյքի դեմ պայքարելու հնարավոր եղանակներից են՝ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների աջակցությունը, օգտատերերի տեղեկատվական գրագիտության բարձրացումը, հանրային կարծիքի վրա ֆեյքի ազդեցության հետազոտությունները: Նախքան նորություններին հավատալը, ես խորհուրդ կտայի անպայման նայել նախաաղբյուրը եւ նորությունը վերստուգել այլ պարբերականներում: Ի վերջո, դա ընդամենը մի քանի րոպե է տեւում»:

Յանա Իսրայելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ