News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 23-ին, այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ինն հայտնում են, որ մինչ այդ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով եւ մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաեւ իրավաբանությամբ զբաղվող անձանց եւ ուսանողների համար: ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը եւ նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար:

Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ Հանրապետության նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին՝ շնորհավորելով այդ նախաձեռնության կապակցությամբ եւ արարողության պատեհ առիթով նաեւ հաջողություններ է մաղթել Սահմանադրական դատարանի ներկա եւ նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված նրանց կարեւորագույն եւ պատասխանատու աշխատանքում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում: Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար: Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու: Մենք էլ մեր հերթին, պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի:

Հայ իրավական միտքը զարգացման շատ կարեւոր ճանապարհ է անցել: Եվ դեռեւս 200 տարի առաջ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանները հանդես են եկել նորարարական գաղափարներով եւ խոսել ինստիտուտների կարեւորության մասին: Այն ինստիտուտների մասին, որոնք այսօր հիմք են ծառայում ժամանակակից իրավական եւ ժողովրդավարական պետությունների կայացման համար:

Հայ իրավական մտքի երախտավորների անունով այս սրահը կոչելու պահը, կարծում եմ, շարունակելու է խորհրդանշական մնալ այս դահլիճում որոշում կայացնողների համար եւ, իհարկե, շատ կարեւոր է լինելու նաեւ այն մարդկանց համար, ովքեր երբեւէ մտնելու են այս դահլիճ:

Շնորհավորում եմ բոլորիս այս լավ նախաձեռնության եւ անվանակոչության համար: Մենք գնահատում ենք մեր երախտավորներին, իսկ սա չափազանց կարեւոր հանգամանք է:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար եւ շնորհավորում նրա ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Մեր ժամանակներում հեշտ չէ գտնել նրա պես աշխատասեր եւ նպատակասլաց մարդու: Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար եւ բարդ: Եվ նա միշտ իր հետեւողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ դա էր հիմնական պատճառը, որ Բարձրագույն դատական խորհուրդը հենց նրան ընտրեց այս կարեւոր կառույցի նախագահի պաշտոնում: Շատ շնորհակալ եմ, Գագիկ Գարուշի: Շատ երկար չեմ ուզում խոսել, որովհետեւ Դուք շարունակում եք պաշտոնավարել մեկ այլ կարեւոր պաշտոնում, իսկ Ձեր պաշտոնը շատ յուրահատուկ է մեր երկրում՝ շատ յուրահատուկ: Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների եւ դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք: Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել: Ուստի, լավ խոսքերը կարող են դիտվել որպես այլ հանգամանք եւ ոչ թե վաստակի գնահատում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ