News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Նորք-Մարաշի «Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Այսօր՝ մարտի 30-ին, նրա շահերի պաշտպան Սիրուշ Աղվանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2017թ. հուլիսից սկսած իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

«Մինչեւ այսօր թույլ չէր տալիս, որ որեւէ խոսք ասվի իր առողջական վիճակի մասին, իրականում Արթուր Վարդանյանի առողջությունը հուլիսի կեսերից գնալով ավելի ու ավելի է վատանում»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանի խոսքով, Արթուր Վարդանյանի առողջական խնդիրները բազմաթիվ են, որոշակի հետազոտություններ են անցկացվում: Պաշտպանը նշեց, որ կան որոշակի հետազոտությունների պատասխաններ, սակայն առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու համար պետք է համալիր գործողություններ անել. «Այսօր նա ասաց, որ լյարդը շատ ուժեղ ցավում է, եւ այդ ցավը խփում է թոքերին, ինչպես նաեւ Արթուր Վարդանյանը ջերմություն ունի, որը հուլիսի կեսերից տատանվում է 37 ու 37,5 աստիճանի միջեւ»:

Արթուր Վարդանյանի համար այսօր շտապօգնություն էր կանչվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների նստավայր: Նրա վատ ինքնազգացողության պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել