News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում օրակարգի հարցերից է լրագրողի կարգավիճակին եւ լրատվական դաշտի հետ կապված առանձին կարգավորումներին վերաբերող զեկույցը, որը ներկայացրել է գերմաիան ներկայացնող պատվիրակը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Առաջիկայում ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանն է, ի՞նչ կարեւոր քննարկվող հարցեր կան, որո՞նք են առաջնային թեմաները։

Հետաքրքրական զեկույցները մի քանիսն են, որոնք ներկայացված են վեհաժողովի քննարկմանը։ Դրանցից երեքը կցանկանայի առանձնացնել։ Առաջինը վերաբերում է լրագրողի կարգավիճակին եւ լրատվական դաշտի հետ կապված առանձին կարգավորումներին։ Զեկույցը ներկայացվել է Գերմանիայի պատվիրակի կողմից, քննարկվում են այդ տիրույթում առկա մի շարք խնդիրներ։ Նախ քննարկվում է այն հանգամանքը, որ քանի որ Եվրոպայի տարածքում չկա միասնական դիրքորոշում եւ ձեւակերպում լրագրող հասկացության հետ կապված, ապա դա հնարավորություն է տալիս, որ տարբեր ձեւաչափերով գործող եւ լրագրողական գործունեության առանձին ասպեկտեր ծածկող անձինք տարբեր իրավունքներ ունենան՝ օրինակ, քննարկվում է freelancer լրագրողների եւ դասական իմաստով լրագրողների իրավունքների հարցը, բլոգերների եւ նրանց լրագրող համարելու հարցը, մասնավորապես, հեղինակն առաջարկում է, որ freelancer լրագրողները հավասար իրավունքներ ունենան դասական լրագրող հասկացության ներքո տեղավորվող անձանց հետ։

Միաժամանակ, սակայն, հարց է առաջանում պատասխանատվության մասով, առանձին քննարկման թեմա է դարձել հարցը, որ տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց հարցեր են ծագում մեդիատիրույթում պատասխանատվության հետ կապված: Առաջին պնդումը, որ անում է զեկույցի հեղինակը՝ խմբագիրների պատասխանատվությունն է իրենց մեդիատիրույթում հրապարակած մեդիակոնտենտի համար, ընդ որում՝ անկախ նրանից թե այդ կոնտենտի հետեւում ով է կանգնած՝ գրառում է, լրագրողի նյութ է կամ այլ ինչ է: Առաջարկում է պատասխանատվության միասնական, մասամբ՝ անձնական պատասխանատվության հարթության մեջ դիտարկել պատասխանատու խմբագիրներին՝ հասկանալով հանդերձ, որ իրականում կարող են լինել իրավիճակներ, երբ պարզապես պատասխանատու խմբագիրը չէ դրա հեղինակը, գուցե նույնիսկ կարող է տեսակետը չկիսել, բայց հարթակ տրամադրել է ինքնին եւ այդ բովանդակության զետեղումը առաջ է բերում պատասխանատու խմբագրի կամ որպես կազմակերպիչ–մենեջեր դիտարկվող անձի պատասխանատվության հարցը։

Քննարկման առարկա է նաեւ վիրավորական եւ զրպարտչական բնույթի կոնտենտի հարցը, հատկապես եթե հեղինակն անհայտ է: Զեկույցի հեղինակը գտնում է, որ այդ դեպքում պատասխանատվությունը պետք  է կրի խմբագիրը, ով նրան հարթակ է տրամադրել։ Սրանք արդիական հարցեր են, որոնք քննարկվում են ԵԽԽՎ տիրույթում եւ ապրիլին այս ամենը կդառնա զեկույց։ Ավելի մանրամասն ու բովանդակային զեկույց պատասխանատվության տիրույթի հետ կապված պատրաստվում է առաջիկայում, արդեն հասցրել եմ այդ մասին խոսել։

Երկրորդ զեկույցը ապօրինի ակտիվների կամ ապօրինի եկամուտների բռնագանձմանն առնչվող հարցն է։ Չափազանց հետաքրքիր եւ եվրոպական ընդամենը 4-5 երկրում տարածում ունեցող մի հայեցակարգ է առաջարկվում։ Հոլանդիայի պատվիրակության ղեկավարն է զեկույցի հեղինակը։ Այսօր Իռլանդիայում, Անգլիայում, Իտալիայում կան ընթացակարգեր, երբ հնարավորություն է ստեղծվում ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքացիաիրավական ընթացակարգով բռնագանձել այն ակտիվներն ու եկամուտները, որոնք ըստ ներկայացված հայտարարագրի կամ տարբեր այլ աղբյուրներից ակնհայտ են դառնում, որ օրինական չեն։ Բացի քրեաիրավական ընթացակարգի, որը ապացուցողական բավականին բարդ բազա է պահանջում, հեղինակն առաջարկում է դա իրականացնել նաեւ  քաղաքացիաիրավական եղանակով. ոչ թե քրեական պրոցես սկսել, այլ քաղաքացիաիրավական տեսանկյունից այն ինչ հիմնավորված չէ, վերցնել հօգուտ պետության։

Հեղինակը շատ կարեւոր, ինչ–որ առումով հեղափոխական առաջարկով է հանդես գալիս, այդ դեպքերում ապացուցման բեռը փոխել դեպի ենթադրյալ հանցագործը՝ «ենթադրյալ» եմ ասում, որովհետեւ քաղաքացիաիրավականի դեպքում մենք հանցագործության մասին էլ նույնիսկ չենք խոսում։ Դիցուք՝ եթե ինչ–որ մեկը ներկայացրել է հայտարարագիր, որտեղ կան գրված եկամուտներ, որոնք պարզ չի թե որտեղից իրեն, քրեաիրավական առումով բարդ է դա ապացուցվում, կամ մինչ այդ ապօրինի հարստացումը քրեականացված չէ, հետադարձ ուժ չունի եւ այլն, ապա այդ դեպքում, եթե պետք է պետությունը անհամաչափ ջանք թափեր ու ապացուցեր, որ այդ եկամուտն անօրինական է, հիմա հակառակն է, անմիջապես, ոչ շատ հիմնավորված, ենթադրյալ ապօրինի եկամուտի դեպքում սկսել այդ քաղաքացիաիրավական գործընթացը, որի դեպքում անձն ինքը պետք է ապացուցի, որ օրինական ճանապարհով է ձեռք բերել։ Սա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ որպես առաջարկ գալու է բոլոր անդամ երկրներին։

Երրորդ զեկույցը մարդասիրական բովանդակություն եւ նպատակ ունեցող զեկույց է։ Խոսքը ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մասին է։ Զեկուցողը քննարկել է տարբեր մեխանիզմներ՝ ինչպես պաշտպանել ներքին տեղահանված անձանց իրավունքները, քննարկել է եվրոպական տարբեր շրջաններում ներքին տեղահանված անձանց խնդիրը եւ հանդես է գալիս կարեւոր առաջարկներով։

Տիկին Հովհաննիսյան, անդրադառնալով Ձեր կողմից նշված առաջին զեկույցին, կբացե՞ք փակագծերը, թե նախնական զեկույցում լրագրողների, ազատ լրագրողների, բլոգերների դասակարգման ի՞նչ ձեւաչափեր կան։

Նախնական զեկույցը այդպիսի ձեւակերպումներ չունի եւ չի առաջարկում՝ ով ինչպես անվանվի։ Առաջին հերթին, քննարկում է այն հարցը, որ նրանք, որոնք կոնտենտ են ստեղծում, հավասար վերաբերմունքի արժանանան անդամ երկրներում։ Բայց հեղինակն առաջ է քաշում միտք, որ անդամ պետությունները պետք է իրենց օրենսդրության մեջ անդրադարձ կատարեն, հստակ չափանիշներ սահմանեն, եւ տարբեր կարգավիճակներ ունեցողներին, ինչպես նաեւ նրանց իրավունքների ծավալը տարանջատեն։ Հասկացության ապարատի բացակայության խնդիրը ընդհանուր է Եվրոպայում։ Հայաստանն էլ 2003-2004 թթ. ընդունված օրենքներից հետո այս հարցին անդրադարձ չի կատարել։ Այս առումով, կարծում եմ, առաջարկն արդիական է։  Այսպես թե այնպես պետք է արդեն անդրադարձ կատարենք, քանի որ առաջարկը ԵԽԽՎ–ից է գալիս։ Տարբեր երկրներում թեեւ հասկացության բացակայությանը, տարբեր անդրադարձեր կատարվել են։ Կարծում եմ, երբ այդ առաջարկն ընդունվի, մենք արդեն պետք է  լրագրողների հետ քննարկումներ ծավալենք, հասկանալու համար թե նույն լրատվական դաշտը ինչ պահանջներ ունի։ Բավական դժվար է միասնական դեղատոմս տալ բոլորին, սակայն ակնհայտ է, որ կա սահմանման անհրաժեշտություն, կա պատասխանատվության սահմանման անհրաժեշտություն, սա արդեն բանաձեւ է, որ գալիս է միջազգային կառույցից, անտեսել եւ չանդրադառնալ չենք կարող, քանի որ վաղը մյուս օրը կունենանք եվրոպական դատարանի որոշումներ եւ նույն լրագրողները կկանգնեն փաստի առջեւ այն բանի պատճառով, որ երկրի ներքին օրենսդրությունը հստակ եւ կանխատեսելի ուղենիշներ չի ստեղծել։ Ընդ որում, կանխատեսելի օրենսդրության ստեղծման պահանջը եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջներից է։

Առաջիկայում սպասե՞նք լրագրողների եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկումներ լրագրողական աշխատանքի եւ նրա հետագա կազմակերպման շուրջ։

Ես անձամբ պատրաստ եմ։ Սակայն, չափազանց կարեւոր է, որ այդ քննարկումների անհրաժեշտությունը զգան այդ դաշտի հիմնական դերակատարները։ Եթե մենք լռենք եւ կողքից նայենք՝ ինչպես են իրադարձությունները զարգանում, բացի այն, որ խնդիրներ կունենանք այն առումով, որ չենք կատարում ԵԽԽՎ բանաձեւերը, այլ նաեւ խնդիրներ կունենանք պրակտիկ կիրառության մեջ, եւ լրագրողը կբախվի խնդրի, որը չէր լինի, եթե մենք ունենայինք պատշաճ օրենսդրություն։ Դրա համար պետք է առաջին հերթին գիտակցենք անհրաժեշտությունը։

Հայտնի է, որ Հայաստանի հարցով նոր համազեկուցողներ են նշանակվելու, հայտնի՞ են որոշակիորեն, թե ովքեր են լինելու։ 

Հայտնի թեկնածուներ չկան, ապրիլյան նստաշրջանում դեռեւս ներքին քննարկումներ կընթանան, բայց անուն չի հնչեցվի: Հակված եմ կարծելու, որ ներքին քննարկումներ կընթանան ԵԺԿ խմբում, առաջադրումներ կլինեն, բայց ապրիլյան նստաշրջանում  չեմ կարծում, որ Հայաստանի հարցով նոր համազեկուցողի անունը հայտնի կդառնա։ Այո՛, պատվիրակը չի ընտրվել, մենք պետք է ունենանք նոր համազեկուցող, բայց դա որոշակի ընթացակարգ է պահանջում՝  հաշվի առնելով, որ նախորդ զեկուցողը եղել է փաստահավաք առաքելությամբ երկրում, ուստի զեկույցի համար անհրաժեշտ ինֆորմացիայի կրող է։ Ուստի որոշակի ընթացք կտեւի զեկուցողի նշանակումը։ Ճիշտ այնպես, ինչպես ԵԽԽՎ նախագահի պարագայում։

Ենթադրյալ անուններ հայտնի՞ են։

Կուլիսային խմորումներին տեղյակ լինելով՝ ես կարող եմ ենթադրել, սակայն չեմ կարծում, որ իմ ենթադրությունները կարիք կա հանրության դատին հանձնելու։ Դա հնարավոր չէ հիմա պարզել, քանի որ ֆորմալ գործընթաց կա։ ԵԺԿ խմբի ղեկավարը, ըստ էության, պետք է դիմի եւ առաջարկի այն անձանց, որոնք հետաքրքրված են դառնալ համազեկուցող։ Ընդ որում, խոսքը միայն Հայաստանի մասին չէ, այլ երկրների համազեկուցողներ եւս պետք է ընտրվեն նույն խմբից, այսինքն՝ անձանց առաջադրման գործընթաց է։ Երբ նրանք կառաջադրեն իրենց թեկնածությունները, դրանից հետո ԵԺԿ խմբում կքննարկվի, եթե մեկ տեղի համար կլինեն մի քանի թեկնածուներ, քվեարկություն կլինի, բայց սովորաբար որոշվում է կոնսենսուսով, քանի որ թեկնածուները պիտի առաջադրվեն մոնիտորինգի հանձնաժողովի կազմից։ ԵԺԿ ամեն անդամ չի կարող մեր հարցով համազեկուցող լինել՝ այսինքն, թեկնածուները կառաջադրվեն այն անձանց շրջանակից, որոնք մոնիտորինգի հանձնաժողովի անդամ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ