News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ պատւվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստանի քաղաքական համակարգում փոփոխությունները կհանգեցնեն հավասարակշռված կուսակցական համակարգի, որտեղ ներկայացված կլինի գաղափարախոսուոյթւնների ողջ ներկապնակը: Այս մասին նա նշել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Նրա խոսքով, խնդիրը բոլորովին կառավարման համակարգի մեջ չէ. «Եվրամիությունում կան տարբեր կառավարման մոդելներով երկրներ։ Ունենք նախագահական համակարգով երկրներ, կիսանախագահական համակարգով երկրներ, խորհրդարանական կառավարման համակարգով երկրներ, ինչպես նաեւ գոյություն ունեն տարբեր տեսակի խորհրդարանական կառավարման համակարգեր՝ մեկպալատանի, երկպալատանի խորհրդարաններով։ Խնդիրը, սակայն, համակարգի մեջ չէ։ Ամեն երկիր պետք է մշակի այն համակարգը, որ բխում է նրա կարիքներից ու պայմաններից։ Այստեղ ոչ ոք չի կարող մշակել իդեալական մոդելը։

Յուրաքանչյուր երկիրը պետք է փնտրի ու գտնի իր օպտիմալ մոդելը։ Եվրամիությունը երբեք չի խոսում այն մասին, թե որ մոդելն է ավելի լավը։ Որովհետեւ այն կախված է տեղական հանգամանքներից։ Հարցը չի վերաբերում մոդելին, որպես այդպիսին։ Հարցը վերաբերում է կայուն ժողովրդավարական համակարգի համար անհրաժեշտ որոշակի հիմնարար նախադրյալներին»,-ասաց նա:

Անդրադառնալով այդ նախադրյալներին, Սվիտալսկին նշեց, որ առաջին շատ ակնհայտ նախադրյալը իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքն է. «Մենք գիտենք, որ առողջ ժողովրդավարությունը պետք է խարսխված լինի իշխանության ճյուղերի հստակ տարանջատման վրա՝ գործադիր, օրենսդիր, դատական իշխանություն։ Շատ երկրներում, այդ թվում նաեւ ԵՄ անդամ պետություններում, լինում է գայթակղություն, հատկապես գործադիրի կողմից, այլ ճյուղերի վրա որոշակի վերահսկողություն սահմանելու։

Բայց ամենագլխավոր բանն այն է, որ պետք է կարողանալ ապահովել ճյուղերի անկախության եւ տարանջատման հստակ երաշխիքները։ Դա հատկապես վերաբերում է դատական իշխանությանը։ Շատ երկրներում գիտակցում են, որ քանի դատական իշխանությունը առողջ է, անկախ ու անջատ, այլ տարրերն էլ բավականին լավ կաշխատեն։ Դա իշխանության ճյուղերի տարանջատումն է։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է լավ մոդել կառուցի իշխանության այս երեք ճյուղերի՝ գործադիրի, օրենսդիրի, դատական իշխանություն տարանջատման համար։ Նրանք բոլորը պետք է լինեն ուժեղ։ Եթե մեկը մյուսներից ուժեղ է, անհավասարակշռություն է ստեղծվում։

Երկրորդ տարրը դա հակակշիռներն ու զսպումներն են։ Կրկին դա հին գյուտ է, ի դեպ՝ ոչ եվրոպական, բայց շատ կարեւոր։ Այս ճյուղերի միջեւ ու այս ճյուղերի ներսում պետք է ունենալ լիազորությունները հավասարակշռելու մեխանիզմներ։ Գործադիր իշխանությունում, օրինակ, ունեք հավասարակշռող լիազորություններ նախագահի ու վարչապետի միջեւ կամ կարող եք ունենալ հավասարակշռող լիազորություններ կենտրոնական գործադիր ու տեղական գործադիր մարմինների միջեւ։

Կառավարական կառույցների եւ այլ հանրային կառույցների, այդ թվում հանրության, միջեւ։ Օրենսդիր իշխանությունում դա նույնն է։ Կան տարբեր օրինակներ տարբեր երկրներում։ Չեմ ուզում մեր հարցազրույցը դասախոսության վերածել, բայց իշխանության ճյուղերի միջեւ ու նրանց ներսում այս հակակշիռներն ու զսպումները շատ կարեւոր են։ Որոշակի առումով նրանք քաղաքական մշակույթի մաս են կազմում։

Պետք է շատ երկար տարիներ անցնեն, որ կարողանաս մշակել նման հակակշիռների ու զսպումների մեխանիզմները։

Մեկ այլ շատ կարեւոր տարրը իրավապահ մարմինների քաղաքական չեզոքությունն է։ Դա շատ կարեւոր է նրանց գործունեության վերաբերյալ հանրային վստահության համար։ Իրավապահ մարմիններ ասելով նկատի ունեմ դատախազությունը, քննչական կոմիտեն, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները եւ այլն։ Որովհետեւ այս ուժային կառույցները շատ կարեւոր են։ Մարդիկ պետք է շատ մեծ վստահություն ունենան, որ նրանք չեն ծառայում որեւէ քաղաքական ճամբարի կամ որեւէ քաղաքական կառույցի, բայց ծառայում են պետությանը, հասարակությանը, հասարակ քաղաքացիներին։ Ու դա շատ կարեւոր է։

 Մենք դա տեսնում ենք շատ այլ երկրներում, այդ թվում Եվրամիության անդամ երկրներում։ Այնպես որ, սրանք են այն տարրերը, որոնք շատ կարեւոր են երկարաժամկետ առումով։ Ոչ մի երկրի չի հաջողվել կարճ ժամանակում կառուցել քաղաքական կառավարման զարգացած համակարգ։ Որոշ երկրներ դեռ խնդիրներ ունեն, քանի որ ստիպված են հաղթահարել անցյալի ժառանգությունը, այդ թվում ավտորիտար ռեֆլեքսները, ավտորիտար սովորությունները, այդ թվում մտածելակերպի մեջ։ Մարդիկ մարդ են մնում։ Նրանք մտածելակերպ ունեն։ Այնպես որ, դա հասուն քաղաքական մշակույթի հարց է։

Ես լավատես եմ, որովհետեւ Հայաստանում իմ երկուսուկես տարվա աշխատանքի ժամանակ ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու, որ գենետիկորեն հայերը ազատասեր ժողովուրդ են, նրանք սիրում են իրենց զգալ ազատ, նրանք սիրում են ազատ արտահայտվել, նրանք սիրում են զգալ իրենց ինքնիշխան։ Այնպես որ, եթե Դուք ինձ հարցնեք, ես կասեմ, որ շատ լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ, որովհետեւ այս առումով դուք չեք տարբերվում այլ եվրոպացիներից, ում ես ճանաչում եմ։ Իհարկե ունեք ժառանգություն, տարբեր գործոններ, որ պետք է հաշվի առնել, այդ թվում աշխարհաքաղաքական գործոններ։ Բայց որպես ժողովուրդ, որպես պետություն, հին քաղաքակրթություն, չեմ կարծում եմ, որ պետք է որեւէ թերարժեքության բարդույթ ունենաք»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները մայիսի 27-ին կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը
Նախարարները կքննարկեն երկրում տիրող ընդհանուր իրավիճակը և կորոշեն մեր հետագա անելիքները...
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Վրաստանը պետք է չեղարկի «օտարերկրյա գործակալների» օրենքը Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին համապատասխան. ԵՄ
Բորելը կոչ է արել ուշադրության առնել Վենետիկի հանձնաժողովի ցուցումները...
ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT
ԵՄ-ը ցանկանում է արգելել արտահանումը Բելառուս...
Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով
Մեծահասակների համար շենգենյան վիզան 90 եվրո կարժենա...
Հայաստանն ու Եվրամիությունը վերանայում են իրենց հարաբերությունները. Արարատ Միրզոյան
Նոր հարցեր են քննարկվում և սպասվում են գործընթացներ, որոնք դուրս են գալիս այս համաձայնագրի...
Ամենաշատ