News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընդունված նիստերի վարման ընթացակարգը, որով սահմանափակվում է կարգապահական նիստերով հրապարակայնությունը, անվավեր ճանաչելու հայցը պետք է բավարարվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա նշեց, որ նշված գործով դատական նիստը չսկսված ավարտվեց, քանի որ պատասխանող կողմը հայտնեց, որ օրեր առաջ է ստացել հայցադիմումը եւ ժամանակ խնդրեց դատարանից՝ պատրաստվելու եւ պատասխան ներկայացնելու համար:

«Հայցադիմումը կայանում է նրանում, որ Փաստաբանների պալատի խորհուրդը 2015 թվականի ամռանը ընդունել է նիստերի վարման ներքին ընթացակարգ, որով որոշակի իրավունքներ եւ  պարտականություններ են սահմանված նիստերին մասնակցող թե խորհրդի անդամների համար, ինչպես նաեւ դիմող եւ պատասխանող կողմերի համար, ինչպես նաեւ նիստերին ներկա գտնվող հանրության, լրատվամիջոցների համար: Սակայն փաստաբանության մասին օրենքով, ինչպես  պալատի կանոնադրությամբ փաստաբանների պալատի խորհուրդը նման կարգ սահմանելու իրավունք առհասարակ չունի, բացի այդ կարգապահական վարույթի գործերով էլ կարգը կարող է սահմանվել միայն փաստաբանության մասին օրենքով  եւ հատուկ  այդ նպատակով  ընդհանուր ժողովի կողմից ընդունված կարգով, որոնք կան եւ գործում են եւ դրանից հավելյալ որեւէ իրավական ակտ  չի կարող այդ ամենը կարգավորել: Նշեմ, որ այդ ներքին ընթացակարգն են հիմք բերում խորհրդի անդամները վերջին շրջանում՝  արգելելով տեսանկարահանել խորհրդի նիստերը, ինչը  կատարելապես ապօրինի է: Ես կարծում եմ, որ հայցը կբավարարվի եւ այդ ներքին ընթացակարգը չեղյալ կհայտարարվի»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Վարոսյանը հավելեց, որ Փաստաբանների պալատի ներկայացուցիչը դատական նիստին առարկեց տեսանկարահանման դեմ՝ սրտնեղելով, թե «յութուբներում են տեղադրում»: Փաստաբանի կարծիքով դա զարմանալի է, քանի որ դա ցույց է տալիս Փաստաբանական պալատի հետադիմական լինելը:

Տպել
Ամենաշատ