Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նշել «պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում»:
Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Նախագահ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ողջունել է երեկ Հանրապետության նախագահի կողմից 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրումը:
Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրագործվող ծրագրերի, դրանց արդյունավետության բարձրացման, առաջնահերթությունների եւ նոր ծրագրերի նախանշման վերաբերյալ: