Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ լարվածությունը պահպանվում է: Ոստիկաններին հաջողվել է մի պահ բացել խաչմերուկը եւ թույլ չեն տալիս ցուցարարներին նորից փակել այն: Այդ ընթացքում ոստիկանները ժամանակ առ ժամանակ բերման են ենթարկում ցուցարարներին: Վերջիններս կանաչ լույսի ներքո փողոցն անցնելու պատրվակով հասնում են փողոցի կենտրոնական հատված ու կանգնում: Ոստիկանները նրանց ուժով հեռացնում են: Բերման ենթարկելիս մի երիտասարդի ժամացույցը պոկվեց ու ընկավ:
Ցուցարարներից մի քանիսը նստեցին փողոցում եւ փակեցին փողոցը. նրանք վանկարկում են՝ «միացեք»: Անցնող մեքենաները ազդանշաններով զորակցում են ցուցարարներին:
Ոստիկանների լրացուցիչ ուժեր եկան այստեղ եւ սկսեցին քաշքշելով փողոցից հանել ակտիվիստներին, որոնց հետ երեխաներ կան: Ոստիկանները պատ կազմեցին, եւ հրելով դուրս բերեցին ցուցարարներին փողոցից:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցնում են ցանցային պայքարի եւ կաթվածահար պետք է անել երթեւեկությունը քաղաքի բոլոր փողոցներում:
Այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:
Նշենք, որ առավոտից փակվել-բացվել են մասնավորապես, Գյուլբենկյան փողոցը, Կոմիտասի պողոտան, Մաշտոցի պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Եղվարդի մայրուղին, Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Ազատուիթյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Երեւան-Աբովյան ճանապարհը, Վարդանանց փողոցը, կորյուն փողոցը, Պուշկին փողոցը եւ այլն:
Ժամը 15.30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 183-ի: