Վատիկանի ֆինանսների կառավարիչ, կարդինալ Ջորջ Փելը սեռական հանցագործությունների մեղադրանքով իր հայրենիքում՝ Ավստրալիայում դատարանի առջեւ կկանգնի, հաղորդում է DW-ն:
Երկարատեւ նախաքննությունից հետո մայիսի 1-ին Մելբուրնի դատարանը որոշել է, որ 76-ամյա Փելի նկատմամբ քրեական գործ կհարուցվի:
Փելին մեղադրում են երիտասարդ տարիներին՝ հայրենի Բալարաթ կոմունայում շարքային հոգեւորական ծառայած ժամանակ, իսկ հետո, արքեպիսկոպոսի աստիճան ստանալուց, Մելբուրնում ծառայելիս տղաների նկատմամբ բռնի սեռական գործողություններ կատարելու մեջ: Ինքը՝ կարդինալը, հերքել է այս մեղադրանքները, սակայն նախաքննության ընթացքում արձակուրդ է գնացել: Փորձագետները ենթադրում են, որ պաշտոնին Փելի վերադարձը քիչ հավանական է:
Այսպիսով՝ Ջորջ Փելը, որը Վատիկանում երրորդ ազդեցիկ անձն էր, դարձել է ամենաբարձրաստիճան հոգեւորականը, որին նման մեղադրանք է առաջադրվել: Փելը Վատիկանի ֆինանսական հարցերով քարտուղարության ղեկավար է նշանակվել 2014 թվականին Ֆրանցիսկոս Պապի կողմից: