News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն այսօր այն մարդն է, ում անունն աշխարհում հայերը տալիս են ամենաշատը, հետեւաբար՝ ինքն է այն գարանտը, որ կարող է արդար ընտրություն անցկացնել: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին գումարված ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Ուզում եմ շարունակել աչքերի մեջ նայելու թեման, ես այնտեղ նստած Արմեն Աշոտյանից սկսած հարգարժան Արտաշես Գեղամյանով, ում հետ 2004 թվականին ապրիլի 12 եմ անցել եւ, ասեմ, երեւանցի տղու նման կռիվ է արել ոստիկանի հետ ու չի փախել, վերջացրած իմ ախպեր Արտակ Զեյնալյանով եւ Սասուն Միքայելյանով, բոլորի աչքերի մեջ անկեղծ եմ նայել, որեւէ մեկին չեմ ստել, ում մասին ինչ մտածել եմ, համաձայն եմ եղել կամ համաձայն չեմ եղել, ուղիղ եմ ասել՝ ներառյալ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանին:

Մենք խոսում ենք ամեն ինչից, բայց մոռանում ենք հիմնականը, էականը, ամենակարեւորը. մենք չենք խոսում այսօրվա իրավիճակից, մենք էլի չենք փորձում փնտրել ելքեր, մենք այս դահլիճում պարփակված՝ ուզում ենք ելքը գտնել դահլիճում, մոռանում ենք, որ ելք կա փողոցում, որ հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվել: 2003 թվականի ընտրությունների ժամանակ թե՛ ես, թե՛ Արտաշես Գեղամյանը խոսում էինք արդար ընտրություններից, առ այսօր 15 տարի է անցել, ես կրկնում եմ նույն բանը, ընտրություններն են հիմնական խնդիր լուծողը, հիմնական  հանգուցալուծումը ընտրությունների մեջ է, էսօրվա իրավիճակը խախտված ընտրությունների հետեւանք է»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ընտրության ժամանակ է, որ մարդը տեսնում է, որ ինքն է իշխանությունը եւ իր քվեն ստացած իշխանավորը ծառայելու է մարդուն. «Երկրորդ՝ ընտրության ժամանակ հաղթած եւ պարտված կողմերն ընդունում են, որ իրենք հաղթել եւ պարտվել են արդար ընտրությունների պարագայում: Եվ միայն այդ պարագայում է քաղաքական միտքը զարգանում, չկա թշնամություն, չկա չարություն: Երրորդ՝ աշխարհն ընդունում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է: Էս խնդրի մասին էսօր պիտի մտածենք»:

Արամ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը լավ բժիշկ չէ, լավ տրանսպորտնիկ չէ, լավ գնացքավար չէ, բայց գարանտ է. «Ինքը հանել է էս ժողովրդին, մտածե՞լ եք էս մասին: Ուզո՞ւմ եք արդար ընտրություններ, ուզո՞ւմ եք՝ հանգուցալուծվի էս խնդիրը, թե՝ ոչ: Խոսում ենք աշխարհաքաղաքական բեւեռներից, ուղղվածությունից եւ այլնից, գուցե հենց դրանից է, որ ես այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին չեմ, բայց խնդիր կա, չէ: Եկեք ընդունենք, որ մեր երկրի ամենակարեւոր, ամենաէական խնդիրը մեր երկրի անկախության խնդիրն է, եկեք ընդունենք, որ մենք լուրջ կախվածություններ ունենք թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ քվեարկությունների առումով, ո՞ր դեպքում է, որ էդ խնդիրները կարողանում ենք լուծել եւ Հայաստանն ինքնիշխան է, ունի ընտրված իշխանություններ: Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դրա հստակ օրինակ, երբ որ լեգիտիմ իշխանություն կա, քեզ հարգում են, դու կարող ես քվեարկել այնպես, ինչպես ուզում ես»:

Նա նաեւ ընդգծեց, որ այսօր ժողովուրդը փողոցում է, եւ պետք է այնպես անել, որ նա իսկապես ուրախանա. «Դուք ի՞նչ եք մտածում, որ էդ ժողովուրդը մի անգամ էլ պարտվի, մենք՝ էստեղ նստածներս, պիտի քաղաքականությամբ զբաղվե՞նք, իմաստը ո՞րն է, արդեն լուծումը միանշանակ զենքի դաշտում է մնալու: Մարդը համարում է, որ որեւէ քաղաքական պրոցեսով՝ ներառյալ էսքան մարդ փողոցում հավաքելով, հնարավոր չէ խնդիր լուծել: Մարդը գնալու է այլ լուծումների, էդ չարությունն այլ բանալի է գտնելու: Թողել ենք էս, դրել ենք՝ պարոն Փաշինյանը կարող է, չի կարող, այ Դուք ունեք լուծում, թե՝ չէ: Մարդը փորձում է իրավիճակից դուրս գալ, եւ ասեմ ավելին, ես իսկապես զարմացած եմ Նիկոլ Փաշինյանի տված պատասխաններից: Ես եղբորիցս հետո որեւէ վարչապետի ծրագիր ներկայացնելիս՝ ներառյալ իմ ծրագիրը ներկայացնելու ժամանակ, որեւէ մեկի պատասխաններն էդքան հստակ, էդքան չափված-ձեւած, էդքան պատրաստված չեն եղել, ինչքան Ձերը: Շատ ապրեք: Ես կոչ եմ անում ձեզ, եթե ուզում եք, հանրապետականներ, խնդրում եմ ձեզ, խնդրում եմ՝ որպես ձեր նախկին վարչապետ, խնդրում եմ՝ որպես ձեր նախկին վարչապետի փոքր եղբայր, մտածեք էս երկրի մասին ձեր քվեարկության կոճակը սեղմելուց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ