ԲՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը միացել են համաժողովրդական շարժմանը, որովհետեւ այս շարժումն արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այս ճահճից, որից վաղուց արդեն անտանելի գարշահոտ էր գալիս եւ այլեւս վերածվել էր բնապահպանական աղետի: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին գումարված ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ համաժողովրդական այս շարժումը հնարավորություն է՝ վերջապես կոտրելու «մեր դեմ խաղ չկա» ու «բոլոր ճանապարհները դեռ երկար տարիներ անցնելու են Մելիք–Ադամյանով» դատավճիռը, որը վաղուց արդեն վերածվել էր իշխանական ագիտպրոպի մանտրայի, եւ որին շատերն արդեն սկսել էին հավատալ որպես անխուսափելի ցմահ ազատազրկման։
«Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի մեր երկրում այլեւս մեկ գիշերվա մեջ ՀՀՇ-ից չդառնան Երկրապահ, հետո հանրապետական, հետո էսէռ, հետո բոլշեւիկ, հետո մենշեւիկ ու հիմա էլ, երեւի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի մեր երկրում այլեւս չլինի առաջնորդի կռապաշտություն, որի ցանկացած շարքային միտք իր ստորադասները ստորադասում են Մաքիավելիին ու Սոլոնին։ Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս երբեք ուսուցչին չսարքենք ընտրակեղծարար եւ սերնդապիղծ, որպեսզի այլեւս մեր երկրում չլինեն ճնճղուկի հոգով բազեներ, ում համար գերագույն արժեքը դոշին խփված իշխանության «զնաչոկն» է՝ ուրացողների, փտած ուսխորհուրդների, կարիերիստների ու դասալիքների սեկտայի պատվավոր անդամ դառնալու համար։ Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս երբեք մեր երկրում քաղաքացին չլինի ընտրական առեւտրի առարկա, որի վրա կարելի է «շաբաշի» նման 10.000 դրամ շպրտել ու շարունակել ստորացնել։
Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս երբեք ո՛չ այս, ո՛չ էլ որեւէ այլ ամբիոնից որեւէ նախագահի կամ վարչապետի հասցեին չհնչի ստրկահպատակ քծնանք, որից ահա այս պատերը նեխել են»,-հայտարարեց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ այս շարժումը չի ավարտվելու այս դահլիճում վարչապետի ընտրությամբ, որովհետեւ եթե չի լինելու իշխանության բովանդակային ու որակական փոփոխություն, եթե լինելու է միայն անձերի ու դեմքի կամ դեմքերի փոփոխություն, ապա ժողովուրդը, մեր լուսավոր երիտասարդները, ովքեր հավատացին եւ դարձան այս շարժման լոկոմոտիվը, ունենալու են մեծ եւ այս անգամ անդառնալի հիասթափություն:
«Այս իշխանությունը տասնյակ տարիներ նմանվել է այն մարդուն, ով հետեւողականորեն սպանում է իր ծնողին՝ տվյալ դեպքում ժողովրդին, եւ դատարանում վերջին խոսքի ժամանակ խնդրում, որ հաշվի առնեն այն մեղմացուցիչ հանգամանքը, որ ինքը որբ է։ Ցանկացած կոմպրոմիս այս արատավոր համակարգը, ստվերային այս կամ այն ձեւով, այս կամ այն դեմքով, այս կամ այն խմբավորմամբ ու թայֆայով պահպանելը լինելու է դեռեւս չսկսված ճանապարհի ավարտը։ Ես ուզում եմ հիշեցնենք Սամվել Մկրտչյանի խոսքը. «Մենք կյանքի կոչեցինք Օրուելի «Անասնաֆերմա»-ն։ Բայց պետք է մի շատ պարզ բան հասկանալ. եթե չարիքը պարբերաբար վերարտադրվում է, հարկավոր է այն խեղդել։ Ինձ զայրացնում է այն ամենը, ինչ խանգարում է իմ քաղաքացիական անհնազանդությանը։ Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է։ Ինչպես մարդիկ, ում անկաշառ ես կարծել, հերթով, հեշտուհանգիստ խուրդվեցին։ Իսկական ռնգեղջյուրացում։ Հայաստանում գենային, օրգանական տեսակի աղետ է տեղի ունեցել. մտավորականության տեղը զբաղեցրել են ինչ-որ մուտանտ-դեգեներատներ։ Ուշադիր նայեք ամենուր հայտնվող դրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիոն խախտման հետեւանքները։
Սա ոգու սովն է, իսկ մեծագույն աղետը հոգու աղետն է, որից ավելի սարսափելին՝ այդ աղետը հավուր պատշաճի ընդունելն է։ Սրա դեմ ընդվզել է պետք»։
Ես հիմա միանում եմ Սամվելին ու քվեարկելու եմ հանուն իմ ու նաեւ այս փոփոխություններին գենետիկորեն ընդդիմացող հանրապետականների երեխաների ապագայի օգտին, որովհետեւ չեմ ուզում, որ իմ ու ձեր երեխաները ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում»,- խոսքն ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:




























