Հնագետները Թուրքիայի արևմուտքում գտնվող Քյութահյա նահանգի Սեյիթյոմեր-Հյույուք հնավայրում հայտնաբերել են մոտ 5000 տարվա վաղեմության ութ ածխացած հաց։ Դրանք պահպանվել են հրդեհից հետո։ Հացերի կողքին հայտնաբերվել են նաև ցորենի և ոսպի մնացորդներ, հայտնում է Anadolu-ն։

Պեղումների ղեկավար, հնագետ և Քյութահյայի թանգարանի տնօրեն Սևգի Գյուրդալի խոսքով՝ հացերը հայտնաբերվել են մի սենյակում, որտեղ եղել են վառարան և պատի երկայնքով տեղադրված դարակների մնացորդներ։ Ածխացած հացերը գտնվել են փլված դարակի հենարանների միջև՝ հացահատիկի և ընդեղենի կողքին։

Հետազոտողները ենթադրում են, որ մինչև հրդեհը դարակի վրա պահվել են հաց և գյուղատնտեսական մթերքներ՝ հնարավոր է՝ պարկերի կամ այլ տարաների մեջ։ Երբ կրակը ոչնչացրել է սենյակը, դարակը փլվել է, իսկ պարունակությունը հայտնվել է հատակին։ Հրդեհը քանդել է շենքը, բայց միաժամանակ նպաստել օրգանական մնացորդների պահպանմանը․ ածխանալով՝ դրանք ավելի քիչ են ենթարկվել քայքայման։

Գտածոն թվագրվում է վաղ բրոնզի դարի առաջին քառորդով։ Այն պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես էին բնակավայրի բնակիչները պահում մթերքները և ինչ մշակաբույսեր էին օգտագործում սննդի մեջ։ Հացի բաղադրատոմսի և պատրաստման եղանակի մասին մանրամասն տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։

Հնագույն հացերը ցորենի և ոսպի մնացորդների հետ միասին ցուցադրվել են Քյութահյայի հնագիտական և հանքարդյունաբերության թանգարանում։ Գյուրդալի խոսքով՝ դրանք առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում այցելուների շրջանում։