Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Funke մեդիախմբի թերթերին տված հարցազրույցում թերահավատորեն է գնահատել Ուկրաինայում կրակի շուտափույթ դադարեցման հեռանկարները։ Նրա հայտարարությունը հնչել է հաջորդ շաբաթ Աբու Դաբիում նախատեսված՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցություններին ընդառաջ։
«Վերջին ամիսները քիչ հիմքեր են տալիս հուսալու, որ Թրամփի գործողություններն արագ կհանգեցնեն կրակի դադարեցման կամ նույնիսկ խաղաղության», — հայտարարել է Պիստորիուսը։
Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ զինադադարի հնարավորությունը կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագծից։
Պիստորիուսը նաև ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայի հաշվին և առանց նրա մասնակցության ձեռք բերված պայմանավորվածություններն անընդունելի են թե՛ Կիևի, թե՛ եվրոպական երկրների համար։
Աբու Դաբիում բանակցությունները նախատեսվում է անցկացնել երեք պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։




























