Իրանում մահապատժի է ենթարկվել Մոհամմադ Արեֆ Շահբախշը, որը դատապարտվել էր երկրի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակմանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Իրանի դատական համակարգի Mizan կայքը։
««Ջեյշ ալ-Զոլմ» («Ջեյշ ալ-Ադլ») ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Մոհամմադ Արեֆ Շահբախշի մահապատժի դատավճիռն ի կատար է ածվել այսօր առավոտյան՝ օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերի ավարտից հետո», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Իրանի դատական համակարգի՝ Շահբախշը մեղավոր է ճանաչվել իսլամական պետության դեմ զինված ապստամբության և «Աստծու դեմ պատերազմ մղելու» համար՝ Խաշ քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման մեջ ունեցած դերի առնչությամբ։
Կալե-Բիդ բնակավայրում գտնվող բաժանմունքի վրա հարձակման հետևանքով ոստիկանության մի քանի աշխատակիցներ են զոհվել և վիրավորվել։ Հարձակման ամսաթիվը չի հստակեցվում։




























