ԱՄՆ իշխանությունները մինչև 20 մլն դոլար պարգևավճար են առաջարկել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար՝ ներառյալ միջուկային օբյեկտների, սարքավորումների, միջուկային նյութերի տեղափոխման և ծրագրին առնչվող անձանց վերաբերյալ տվյալները։ Այս մասին նշված է ԱՄՆ կառավարության «Պարգևներ արդարության համար» (Rewards for Justice) ծրագրի կայքում։

Հայտարարությամբ նախատեսվում է նաև վերաբնակեցման հնարավորություն տրամադրել համապատասխան տեղեկություններ տրամադրող անձանց համար։ Ուրբաթ պարգևավճարի մասին հայտնել է նաև ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն այդ երկրի դեմ պատերազմի առանցքային նպատակներից մեկն է։

2025 թվականի հունիսին Սպիտակ տունը հայտարարել էր, որ ամերիկյան հարվածների շնորհիվ իրանական մի քանի միջուկային օբյեկտներ են ոչնչացվել։ Սակայն ավելի ուշ որոշ փորձագետներ ենթադրել են, որ Թեհրանը կարող էր նախապես անվտանգ վայր տեղափոխել միջուկային նյութերի առնվազն մի մասը։